կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-10 15:53
Հասարակություն

Կաթողիկոսի ուղերձը ԱԺ ընտրությունների առիթով

Կաթողիկոսի ուղերձը ԱԺ ընտրությունների առիթով
Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը` ԱԺ ընտրությունների առիթով.«Հայրենի մեր երկրում տարվույս դեկտեմբեր 9-ին տեղի ունեցան ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ՝ դառնալով կարևոր հանգրվան Հայաստանում վերջին ամիսներին ընթացող ներքաղաքական զարգացումների:
 
Մեր օրհնությունն ենք բերում սիրեցյալ մեր ժողովրդին, ինչպես և կուսակցություններին, որ ապագայի հանդեպ պատասխանատվության գիտակցումով մասնակցություն բերեցին խորհրդարանական ընտրություններին:  Մեր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում «Իմ քայլը» դաշինքին, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, որոնք արժանացան մեր ժողովրդի վստահությանը՝ պատասխանատվություն ստանձնելով մեր երկրի ապագայի համար: Աղոթում ենք, որ Տերը հաջողություններ պարգևի նորընտիր խորհրդարանի աշխատանքներին՝ հանուն մեր Հայրենիքի առավել զորացման և բարօր ապագայի կերտման:
 
Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, ինչպես միշտ, իր ջանքերն է բերելու ի խնդիր մեր պետականության ամրապնդման, ազգային համերաշխության զորացման և ներքին ու արտաքին մարտահրավերների հաղթահարման:
Տիրոջ շնորհը, սերը և ողորմությունը թող լինի մեր ժողովրդի հետ ի Հայաստան և ի Սփյուռս այժմ և միշտ և հավիտյանս. Ամեն»: