Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը` ԿԸՀ-ն երկու դիմում է ստացել, որոնցով իրականացվել է վարույթ: Այս մասին հայտնեց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլյա Հակոբյանը:
«Ընտրության նշանակման օրից մինչ քվեարկության օրը ԿԸՀ-ն ստացել է երկու տասնյակից ավելի տարաբնույթ դիմումներ: Բոլորին, օրենքով սահմանված կարգով, տրվել են պատասխաններ: Դրանցից 12-ը տեղեկատվության հարցում են եղել: Թվով 4 դիմումով քաղաքացիները ԿԸՀ էին դիմել խորհրդատվության հարցմամբ: Նրանց նույնպես պատասխան է տրվել: Ունեցել ենք մեկ մերժում` հավատարմագրման դիմումով` հաշվի առնելով, որ դիմող ՀԿ-ն որոշակի խնդիրներ է ունեցել ներկայացվող փաստաթղթերի առնչությամբ: Ընդ որում` այդ փաստաթղթերը գրությամբ ուղղվել են ՀՀ դատախազություն: ՀԿ-ի հավատարմագրումն այդ դիմումով մերժվել է»,- ասաց Հակոբյանը:
ԿԸՀ-ն ստացել է երկու նամակ-իրազեկում, որոնք ներկայացվել են ՀԿ-ների կողմից: Դրանք վերաբերել են նախընտրական քարոզչության որոշ խախտումների: Դրանց մի դեպքում պատասխան է տրվել, որ խախտում առկա չի եղել, մյուս դեպքում պատասխան է տրվել, որ, մինչ ԿԸՀ-ի կողմից միջոցներ ձեռք առնելը, խախտումն արդեն կանխված է եղել:
«ԿԸՀ-ն երկու դիմում է ստացել, որոնցով իրականացվել է վարույթ, և կայացվել են որոշումներ: ԿԸՀ-ն ստացել է մեկ դիմում, որով պահանջվում էր պարզաբանել Ընտրական օրենսգրքի 61 հոդվածի երկրորդ մասը: ԿԸՀ-ն պարզաբանում է տվել դրան: Քվեաթերթիկները, ծավալով և քանակով պայմանավորված, չէին կարող տեղավորվել չհրկիզվող պահարաններում: Եվ հարցադրում էր եղել, թե ինչպես վարվել: ԿԸՀ-ն պարզաբանել է, որ քվեաթերթիկները և ծրարները կարող են թողնվել տեղամասային կենտրոնում որևէ սեղանի վրա, և այդ սենյակը հանձնվելու է ի պահ ոստիկանների»,- ասաց Հակոբյանը:
Այս ընթացքում ԿԸՀ-ն ստացել է բազմաթիվ էլեկտրոնային նամակներ, որոնցով քաղաքացիները խնդրել են խորհրդատվություն տրամադրել այս կամ այն հարցի վերաբերյալ: