կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-26 13:13
Իրավական

Երևանի ընդհանուր օգտագործման տարածքում գտնվող հողամասը վաճառվել է շուկայականից 5 անգամ ցածր գնով

Երևանի ընդհանուր օգտագործման տարածքում գտնվող հողամասը վաճառվել է շուկայականից 5 անգամ ցածր գնով

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական գործ է հարուցվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելով օտարման ոչ ենթակա գույքը շուկայականից ավելի քան 5 անգամ ցածր գնով վաճառելու դեպքի առթիվ:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից Երևանի քաղաքապետարանի նախկին՝ «Երկիր ծիրանի» խմբակցությունից ստացված գրության հիման վրա ուսումնասիրվել է Երևան քաղաքի Չարենցի 25/1 հասցեում գտնվող՝ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հանրակրթական դպրոցի հարակից աստիճանահարթակը և սիզամարգերն ընդգրկող հողատարածքի վաճառքի հանգամանքները:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, բավարար տվյալներ ունենալով այն մասին, որ նշված հողամասն  ընդգրկված է Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման գոտում և, որպես այդպիսին, ենթակա չէ օտարման, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և առանց սահմանված կարգով գույքի գնահատման, նշված հողատարածքը վաճառել են  ընդամենը 81.928.700 ՀՀ դրամով: Գնորդը հետագայում գույքը երկու անգամ գրավադրել է բանկում: Այդ շրջանակներում իրականացված անշարժ գույքի գնահատմամբ հողատարածքը մի դեպքում գնահատվել է 445.500.000 ՀՀ դրամ, երկրորդ՝ հաջորդող գրավով գրավադրման ժամանակ՝ 458.350.000  ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 26–ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի քննիչին:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին