կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-17 18:58
Հասարակություն

Նանոբիոտեխնոլոգիայի ոլորտի առաջատար գիտնականը՝ բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր

Նանոբիոտեխնոլոգիայի ոլորտի առաջատար գիտնականը՝ բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր հրավիրվել էր գիտական խորհրդի հատուկ նիստ, որի ընթացքում բուհի նորաստեղծ Նոմինացիոն կոմիտեի առաջարկով Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, Պիրոգովի համալսարանի բժշկակենսաբանական ֆակուլտետի բժշկական նանոբիոտեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Վլադիմիր Չեխոնինին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում: Նոմինացիոն կոմիտեի առաջարկը և Գիտական խորհրդի որոշումն ընթերցեց կոմիտեի նախագահ, Հյուսվածքաբանության ամբիոնի պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանը։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ Գիտական խորհրդի այսօրվա նիստն առանձնահատուկ է։  Նա նշեց, որ ձևավորված ավանդույթի համաձայն ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչմանն են արժանանում բժշկագիտության, առողջապահության ոլորտների այն անվանի ներկայացուցիչները, որոնց ներդրումն անգնահատելի է  աշխարհի առողջապահության զարգացման գործում, և այս ավանդույթը շարունակական է լինելու։

Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Վլադիմիր Չեխոնինը շնորհակալություն հայտնեց նման բարձր գնահատականի համար, որը տրվում է  իրեն իր համեստ գիտական գործունեության համար։

Պիրոգովի համալսարանի բժշկակենսաբանական ֆակուլտետի բժշկական նանոբիոտեխնոլոգիայի ամբիոնի վարիչը նշեց, որ մասնագիտական գործունեության ընթացքում առիթներ է ունեցել աշխատելու  հայ շատ անվանի  բժիշկ-գիտնականների հետ։

Նա կարևորեց Հայաստանում և Ռուսաստանում գիտության համընթաց, զուգահեռ զարգացումը։

Այնուհետև անվանի մասնագետը «Ինովացիոն կենսատեխնոլոգիաների կիրառությունը ուղեղի  հետազոտություններում» թեմայով դասախոսություն կարդաց ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմի և սովորողների համար։ Նա հանգամանալից անդրադարձ կատարեց բժշկագիտության ոլորտում նորարարական հետազոտությունների իրականացմանը։

ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը հիշեցրեց ներկաներին, որ Վլադիմիր Չեխոնինը կարճ ժամանակահատվածում երկրորդ անգամ է դասախոսում ԵՊԲՀ-ում։ Սեպտեմբերին նա հանդես էր եկել  «Գլխուղեղի ուռուցքների ախտորոշման և բուժման կենսատեխնոլոգիական նորարարությունն երը» դասախոսությամբ։ Առաջիկայում ևս գիտության ոլորտում համագործակցության ընդլայնման  ծրագրեր են նախանշված:

Միջոցառման ավարտին բժիշկ-գիտնականը պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին։