կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-14 18:53
Հասարակություն

Ավելացել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության համար քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը

Ավելացել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության համար քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը

ՀՀ գլխավոր դատախազության կողմից ավելի վաղ հրապարակվել է 2018թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի քրեաիրավական շարժընթացի ընդհանուր վիճակագրական պատկերը՝ համադրված 2017թ. նույն ժամանակահատվածի արդյունքների հետ: Տեղեկացվել է նաև, որ հանրային առավել մեծ ուշադրության արժանացող կոռուպցիոն հանցատեսակներով քրեաիրավական շարժընթացն առավել մանրամասն կներկայացվի առանձին:

 Ըստ այդմ՝ 2018թ. առաջին կիսամյակում արձանագրվել է հետևյալ պատկերը.

 1. Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված խարդախություն

 Նախապատրաստված 45 նյութերով հարուցվել են քրեական գործեր, ինչը 2017թ. 1-ին կիսամյակի ցուցանիշը (ընդամենը 4 նյութ) գերազանցում է 11 անգամ: Այս հանցագործության հատկանիշներով 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում վարույթում քննված 63 գործով քրեական հետապնդում է իրականացվել 9 անձի նկատմամբ: Մինչդեռ 2017թ. առաջին կիսամյակում այս հանցատեսակով վարույթում քննված 9 գործով քրեական հետապնդման է ենթարկվել ընդամենը 1 անձ:

 2.Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացում կամ վատնում.

 Հարուցվել է 175 քրեական գործ այն դեպքում, երբ 2017թ. առաջին կիսամյակում հարուցվել է 25 քրեական գործ, այսինքն 7 անգամ քիչ: Եթե 2018թ. նշված ժամանակահատվածում վարույթում քննվել է 234 քրեական գործ, ապա 2017թ. նույն ընթացքում՝ 88 կամ 2.65 անգամ քիչ: Քրեական հետապնդում է իրականացվել 57 անձի նկատմամբ, ինչը 24-ով կամ 73%-ով ավելի է 2017թ. առաջին կիսամյակում արձանագրված վիճակից: Վարույթն ավարտված 52 քրեական գործից 14-ը՝ 24 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

 3. Պաշտոնեական լիազորությունների չարաշահում.

 Հարուցվել է 85 քրեական գործ, որը 15-ով կամ 21%-ով ավելի է 2017թ. առաջին կիսամյակի ցուցանիշից: Նշված հանցագործության հատկանիշներով վարույթում քննվել է 166 քրեական գործ, որոնցով քրեական հետապնդում է իրականացվել 64 անձի նկատմամբ, ինչը կրկնակի ավելի է 2017թ. առաջին կիսամյակի վիճակի համեմատ՝ (32): Ավարտվել է 69 գործի վարույթ, և 17 քրեական գործ՝ 35 անձի վերաբերյալ (2017թ.1-ին կիսամյակում՝ 15 գործ 27 անձի վերաբերյալ) մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

 Դատարաններում քննվել է այս հանցագործության հատկանիշներով 14 քրեական գործ՝ 22 անձի վերաբերյալ: 11 գործով 18 անձ դատապարտվել է, որից 8-ը՝ ազատազրկման, 7-ը՝ տուգանքի, 1-ը՝ հիմնական այլ պատժի, 2-ի պատիժը պայմանականորեն չի կիրառվել:

 4. Պաշտոնեական կեղծիք.

 Այս հանցակազմով հարուցվել է 39 քրեական գործ, որը 30 տոկոսով ավելի է 2017թ.1-ին կիսամյակի արդյունքից՝ 30 քրեական գործ: Վարույթում քննվել է 73 քրեական գործ, որից ավարտվել է 24-ը: 13 գործ՝ 14 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում վարույթում քննված գործերով քրեական հետապնդում է իրականացվել 47 անձի նկատմամբ՝ որը կրկնակի ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ (24 անձ):

 5. Ապօրինի հարստացում.

 2018թ. 1-ին կիսամյակում նախապատրաստվել է 2 նյութ, որոնցով հարուցվել են քրեական գործեր: Դրանց նախաքննությունը ներկայումս շարունակվում է: Նշված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 5 անձի նկատմամբ:

 6. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալ, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալ

 Նախապատրաստված  բոլոր 15 նյութերով հարուցվել են քրեական գործեր: Համեմատության համար նշենք, որ այս հանցակազմով 2017թ. առաջին կիսամյակում հարուցվել է ընդամենը 1 քրեական գործ: 2018թ. նույն ընթացքում նշված հանցագործության վերաբերյալ վարույթում քննվել է 20 քրեական գործ, որոնցից 1-ը՝ 1 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում վարույթում քննված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 5 անձի նկատմամբ:

 7.Կաշառք ստանալ, տալ, կաշառքի միջնորդություն.

 Հաշվետու շրջանում այս հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է ընդհանուր 56 քրեական գործ՝ կրկնակի ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (28 քրեական գործ): Վարույթում քննվել է 106 քրեական գործ, ինչը ևս կրկնակի ավելի է 2017թ. առաջին կիսամյակի արդյունքից: Վարույթն ավարտված  քրեական գործերից 19-ը՝ 49 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: ՄԻնչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 12 գործ՝ 18 անձի վերաբերյալ:

 Վարույթում քննված գործերով քրեական հետապնդում է իրականացվել 115 անձի նկատմամբ, ինչը 61-ով կամ 113%-ով ավելի է 2017թ. առաջին կիսամյակի համեմատ:

Գլխավոր դատախազություն