կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-24 11:23
Հասարակություն

Մեր դահիճներից ավելի ուժեղ գտնվեցինք. Կարեն Կարապետյանի ուղերձը

Մեր դահիճներից ավելի ուժեղ գտնվեցինք. Կարեն Կարապետյանի ուղերձը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր ապրիլի 24-ն է` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, երբ ողջ հայությունը՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, գլուխ է խոնարհում 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջև։

Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը ծանրագույն ողբերգություն էր ոչ միայն ցեղասպանությունը վերապրածների, այլև հայ ժողովրդի բոլոր հատվածների համար: Ցեղասպանությունը փոխեց մեր ժողովրդի ճակատագիրը և ստիպեց մեզ բազմաթիվ զրկանքներ ու տառապանքներ տեսնել հետագայում:

Մենք, սակայն, մեր դահիճներից ավելի ուժեղ գտնվեցինք և մեր մեջ ուժ գտանք վերածնվելու, անկախ պետություն ստեղծելու և ինքնուրույն տնօրինելու մեր ճակատագիրը:

Այսօր մեր նորագույն պատմության հերթական դժվարին փուլն ենք անցնում: Երեկ ես կոչ եմ արել բոլոր քաղաքական ուժերին ապաքաղաքականացնել այս օրը: Ես շնորհակալ եմ, որ այդ կոչն ընդունվեց, և այսօր մենք աշխարհին ցույց ենք տալիս, որ չնայած առկա դժվարություններին ու չլուծված ներքին խնդիրներին, միասնական ենք և համախմբված: Սա մեր պարտք է նաև անմեղ նահատակների առջև:

Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ կերտելու ամուր պետականություն, ազատ ու քաղաքակիրթ հասարակություն, և ոչինչ չի կարող մեզ շեղել մեր երազած երկիրը կառուցելու ճանապարհից։