Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն կարապետյանը հանձնարարական տվեց տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման վերաբերյալ: Վարչապետը հիշեցրեց երեք օր առաջ Երևանի կենտրոնում` հանրային սննդի օբյեկտում տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով տուժեց 8 մարդ: Պայթյունի պատճառը, հիշեցնենք, գազի բալոնն էր: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:
«Նշված դեպքը տեխնիկական և հակահրդեհային նորմատիվ պահանջների նկատմամբ պետական հսկողության խստացման հիմք է տալիս»,- ասաց վարչապետը` հանձնարարելով ԱԻ նախարարին` երկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ արտադրական վտանգավոր օբյեկտների, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտների սպասարկման ու ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվային պահանջների պահպանման, թերությունների հայտնաբերման ուղղությամբ: Խնդիրներ հայտնաբերելու դեպքում օրենքով սահմանված կարգով վերացնել դրանք, պահանջները չկատարելու դեպքում` կրկին օրենքի սահմաններում կիրառել խիստ միջոցներ:
Հանձնարարվեց գործընթացում ներգրավել առողջապահական տեսչական մարմնին: Վարչապետը նաև առաջարկեց գործարար միջավայրի ներկայացուցիչներին, սպասարկման ոլորտում գործող կազմակերպություններին` սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև ԱԻ նախարարության հետ համագործակցությամբ միջոցներ ձեռնարկել հնարավոր խնդիրների վերհանման և վերացման ուղղությամբ:
Համապատասխան մարմիններին հանձնարարվեց նաև մշակել և ներկայացնել անվտանգության ոլորտում հսկողական մեխանիզմների կատարելագործման, օրենսդրական կարգավորումների հստակեցման, տեխնիկական կանոնակարգերի ներդրման վերաբերյալ առաջարկություններ:
Դիմելով ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանին` վարչապետը հանձնարարեց ուշադիր լինել, որ հանձնարարված գործողությունների արդյունքում չառաջանան վարչական խնդիրներ կամ լիազորությունների ոչ ճիշտ կիրառումներ: