կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-24 13:22
Իրավական

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է կաշառք վերցրած` ՔԿՀ պաշտոնյայի վերաբերյալ քրգործի նախաքննությունը

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է կաշառք վերցրած` ՔԿՀ պաշտոնյայի վերաբերյալ քրգործի նախաքննությունը

Կաշառք տալու և կաշառք ստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2015 թվականին ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ խմբի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վահե Ախոյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նույն հիմնարկի դատապարտյալի օգտին գործողություններ կատարելու համար, վերջինիս հարազատներից պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք: Բացի այդ, Վ. Ախոյանը դատապարտյալի հարազատներին դրդել է իր միջոցով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ, իբր, իրավասու պաշտոնատար անձին, ինչպես նաև փորձել է խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակել, սակայն նշված հանցագործությունն ավարտին չի հասցվել իր կամքից անկախ հանգամանքներում:

Այսպես, նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ «Հրազդան» ՔԿՀ օպերատիվ խմբի ղեկավար Վ. Ախոյանը խարդախության համար 9 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված` նույն հիմնարկում պատիժ կրող Ալեն Մանուկյանին պայմանական վաղաժամկետ ազատելու հիմքեր ստեղծելու, մասնավորապես, չվարձատրվող աշխատանքներում ներգրավելու համար դատապարտյալի կնոջից ու մորից պահանջել և ստացել է խոշոր չափերով՝ 727.600 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար կաշառք: Կաշառքի գումարը ստանալուց հետո Վ. Ախոյանի միջնորդությամբ Ա. Մանուկյանը ներգրավվել է «Հրազդան»  քրեակատարողական հիմնարկի չվարձատրվող աշխատանքներում:

Բացի այդ, Վ. Ախոյանը նույն դատապարտյալին, իբր, 2015 թվականին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կեղծ խոստումներ տալով, առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ Ա. Մանուկյանի հարազատներին դրդել է իր միջոցով 24.280.500 ՀՀ դրամին համարժեք 50.000 ԱՄՆ դոլար կաշառք տալ իր հետ անհրաժեշտ կապեր ունեցող պաշտոնատար անձին: Կաշառքի շուրջ համաձայնության գալուց հետո դատապարտյալի մայրն իր ծանոթի միջոցով Վ. Ախոյանին է փոխանցել նրա պահանջած 50.000 ԱՄՆ դոլար գումարից 700 ԱՄՆ դոլարը, որը, սակայն, ՔԿՀ-ի հիշյալ աշխատակիցը որևէ պաշտոնատար անձի չի տվել, այլ խաբեությամբ հափշտակել է այն: Վ. Ախոյանի պահանջած գումարի մնացած մասը դատապարտյալի մայրը հետագայում հրաժարվել է տալ, ուստի Վ. Ախոյանի` խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու հանցավոր մտադրությունն ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում:

Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վահե Ախոյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Վ. Ախոյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: