կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-11 21:09
Հասարակություն

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետն այցելել է 107-ամյա տատիկին

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետն այցելել է 107-ամյա տատիկին

ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը հոկտեմբերի 10-ին աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր:

Ծառայության պետն այցելել է Աշտարակի, Ապարանի, Արագածի և Թալինի սոցիալական ապահովության տարածքային բաժիններ:

Տարածքային բաժիններ աշխատանքային այցելության ծրագրով  Արագածոտնի մարզում ևս ՍԱՊԾ պետը հանդիպել է  տարածքային  բաժինների  պետերի  և  աշխատակիցների հետ:  Հանդիպման  ընթացքում   Հովհաննես Սահակյանն անդրադարձել է ոլորտի խնդիրներին և ձեռքբերումներին՝ շեշտը դնելով անձանց աշխատանքային գործունեության ժամանակահատվածներում հնարավոր ոչ հավաստի աշխատանքային ստաժերի վրա:

ՍԱՊԾ պետն ընդգծել է, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակիցները խիստ պատասխանատվություն են կրելու ստաժերի գույքագրմանը կամ 2017թ. հունվարի մեկից հետո դիմումների հիման վրա ներկայացված ստաժերին վերաբերող տեղեկատվությունը համակարգ չմուտքագրելու, ոչ ամբողջական մուտքագրելու, ոչ հավաստի տվյալներ մուտքագրելու, ինչպես նաև ստաժը հաստատող փաստաթղթերում և համակարգում առկա տեղեկատվության ցանկացած անհամապատասխանության համար: 

Թալինի սոցիալական ապահովության տարածքային բաժին այցի շրջանակում Ծառայության պետը շրջայց է կատարել ստորաբաժանման շենքում, ծանոթացել է Համաշխարհային բանկի «Սոցիալական վարչարարության թիվ 2 ծրագրի»  շրջանակներում իրականացված շինարարական աշխատանքներին և անձնակազմի համար ստեղծված աշխատանքային պայմաններին: ՍԱՊԾ պետը բարձր է գնահատել կատարված աշխատանքը և նշել, որ շենքի շահագործումը թալինցիների համար ևս մեկ քայլ է համակարգի բարեփոխման ծրագրի իրականացման ճանապարհին:

Հովհաննես Սահակյանը Թալինի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետի ուղեկցությամբ այցելել է ցեղասպանությունը վերապրած 107-ամյա Մարկոսյան Գույնայի ընտանիք: Գույնա տատը 5 երեխաների մայր է, ունի 15 թոռ և 13 կոռ:

ՍԱՊԾ պետի հետ ջերմ զրույցի ընթացքում տիկին Գույնայի որդին նշել է, որ մայրն ապրում է հուշերով, երբեք չցանկանալով նախորդ դարասկզբի եղեռնագործությունների կրկնությունը ոչ մի ազգի հետ և հավելել, որ տատի միակ բարեմաղթանքն աշխարհին խաղաղությունն է ու մարդկանց առողջությունը:

Արագածոտնի մարզ այցի ընթացքում Հովհաննես Սահակյանն առանձնացրել է գերակա խնդիրներ և տվել է համապատասխան հանձնարարականներ, որոնց կատարումը գտնվելու է Ծառայության պետի անմիջական հսկողության ներքո: