կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-05 11:08
Հասարակություն

Թուրքիայի կողմից էին եկած. գյուղապետը՝ Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղների որսի մասին

Թուրքիայի կողմից էին եկած. գյուղապետը՝ Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղների որսի մասին

Երեկվանից համացանցում բուռն քննարկման առարկա են դարձել Կարմիր գրքում գրանցված անգղների հետ արված լուսանկարները: Երեկ արդեն հայտնի դարձավ, որ թռչունների հետ լուսանկարված տղամարդկանցից մեկը Արմավիրի մարզի Շենավան գյուղի գյուղապետ Արթուր Մկրտչյանն է:

Yerkir.am-ի հետ զրույցում նա հայտնեց, որ լուսանկարներն արվել են 2007-ին: «Դժվար չի պարզել, որ էս նկարը 7 տարի ա` օդնակլասնիկիս սայթում քցած ա: Վերցրել, դրել են` «Ֆեյսբուք»-ով հրապարակել»,- ասաց նա և հավաստիացրեց, որ իրենք անգղ չեն որսացել:

«Ճիշտ ա, մենք որսի էինք գնում Թուրքիայի սահմանին՝ Երվանդաշատի մոտ. ըտեղից Թուրքիա մեկ կամ երկու կիլոմետր ա: Էդ թռչուններին ես միշտ տեսել եմ` Թուրքիայի սարերի վրա են եղել: Էդ անգամ տեսանք, որ անցորդները անցնում, կանգնում, նկարվում են, մենք էլ ըտենց հետաքրքրության համար իջել, նկարվել ենք` որպես հուշ: Դաժը մեզ էլ նկարել ա անցորդներից մեկը»,- ասաց Մկրտչյանը` հավելելով, որ լուսանկարում պատկերված անձանցից մեկը պատահական անցորդ է:

Հարցին` արդյո՞ք ինքը տեղյակ եղել է, որ այդ թռչնատեսակը գրանցված է Կարմիր գրքում, և չի՞ ափսոսում, որ նման թռչնատեսակ է ոչնչացվել, գյուղապետը պատասխանեց. «Ափսոս են, բա ինչ են: Չնայած Թուրքիայի կողմից եկած են, բայց ի՞նչ տարբերություն, հաստատ թուրքական գիշանգղ են, որովհետև, ես ինչ հիշում եմ, մեր մոտի տարածքում ըտենց թռչուն չկա»:

Գյուղապետը զարմանք հայտնեց, թե ինչու է հին լուսանկարն այդքան աղմուկ բարձրացրել: «Երևի մարդ սպանեին այսքան աղմուկ չլիներ, որքան այս նկարից հետո եղավ»,- ասաց նա:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ պարզվել է նշված երեք անձանցից երկուսի ինքնությունը՝ Ա. Մկրտչյան և Յ. Պողոսյան: Ստուգումներով պարզվել է նաև, որ նկարներում երևացող մեքենայի համարանիշը 02.08.2013 թվականին հանձնվել է, և այլ տրանսպորտային միջոցի չի տրամադրվել, իսկ նկարում երևացող ավտոմեքենայի վրա տեղադրվել է հաշվառման այլ համարանիշ: Հետևաբար, դեպքը 2013 թվականից հետո տեղի ունենալ չէր կարող: Հանգամանքները պարզվում են: Ոստիկանության Արմավիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր: