կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-22 11:41
Քաղաքական

Հանձնարարական 2018-ին միջազգային տնտեսական համաժողով կազմակերպելու վերաբերյալ

Հանձնարարական 2018-ին միջազգային տնտեսական համաժողով կազմակերպելու վերաբերյալ

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց Հայաստանում 2018-ին միջազգային տնտեսական համաժողով կազմակերպելու վերաբերյալ: Վարչապետի խոսքով` օրեր առաջ կայացած Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ ներկայացվեց Հայաստանի տնտեսական ներուժի, ներդրումների և տնտեսական աճի վերաբերյալ համալիր տեղեկատվություն: Բայց կա խնդիր` այդ տեղեկատվությունը դարձնել առավել հասանելի: Այդ պատճառով անհրաժեշտ է գիտական և տնտեսական ներուժը հասանելի դարձնել համաշխարհային ճանաչում ստացած տնտեսական կազմակերպություններին և ձեռնարկատերերին` մեր երկրում կազմակերպելով ժամանակակից պահանջներին համապատասխանող տնտեսական միջոցառումներ։

Ելնելով վերոնշյալից` վարչապետը հանձնարարեց կառավարության աշխատակազմի ղեկավարին՝  մեկշաբաթյա ժամկետում Հայաստանում 2018 թվականին միջազգային տնտեսական համաժողով կազմակերպելու նպատակով մշակել միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ համապատասխան իրավական ակտի նախագիծ` նախատեսելով հանձնաժողովի կազմը ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ և տնտեսական ոլորտի նախարարների մասնակցությամբ, միջոցառման կազմակերպչական և հանձնաժողովի քարտուղարության աշխատանքների կազմակերպման իրականացումը վերապահել Հայաստանի զարգացման հիմնադրամին:

«Խոսքը հետևյալի մասին է`մենք իրականում ուզում ենք տնտեսական և ներդրումային ռեգուլյար հարթակ ստեղծել Հայաստանում, որտեղ պատմելու ենք, թե ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել վաղը, ինչ տեսլական ունենք, համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների հետ քննարկել մեր մոտեցումները, պատկերացումները, ինչպես նաև այդ հարթակում ստեղծել հնարավորություն մեր պոտենցիալ գործընկերներին ներկայացնելու այն նախագծերը, որոնք մենք պատրաստում ենք, և այն նախագծերը, որոնք իրագործում ենք»,- ասաց Կարեն Կարապետյանը: