կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-11 14:54
Իրավական

ՊՆ աշխատակիցը վիճաբանել և հարվածներ է հասցրել ոստիկանին

ՊՆ աշխատակիցը վիճաբանել և հարվածներ է հասցրել ոստիկանին

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Այսպես, նախաքննական նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն, 2017թ. օգոստոսի 6-ին Երևան-Սևան ավտոմայրուղու տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության տեսուչ Տ. Ն.-ն փորձել է կանգնեցնել երթևեկության կանոնները խախտած` «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ՀՀ ՊՆ աշխատակից Հ. Ս.-ին, սակայն վերջինս, ներկայանալով որպես գնդապետ, փորձել է շարունակել ճանապարհը: ՃՈ տեսուչը հարկադրաբար կանգնեցրել է ավտոմեքենան և վարորդից պահանջել փաստաթղթերը, ինչի կապակցությամբ վերջինս սկսել է վիճաբանել տեսուչի հետ: Այդ ընթացում Հ. Ս.-ն հարվածներ է հասցրել նրան, որից հետո ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին:

Միջադեպից հետո` 07.08.2017թ.-ին, ոստիկանության հիշյալ բաժին ստացված ահազանգի համաձայն, Հ. Ս.-ն նույն օրը դիմել է Հրազդան բժշկական կենտրոն, որտեղ  հայտնել է, որ ոստիկանների կողմից կիրառված բռնությունների հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել:

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու  դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: