Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանին:
Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ դինամիկ զարգացող հարաբերությունները և նախարարի այցը դիտում որպես այդ հարաբերությունների առաջմղման կարևոր խթան: Նշելով, որ Հայաստանը թանկ է գնահատում երկու բարեկամ պետությունների միջև դեռևս Էմիրաթների լուսահոգի նախագահ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի կենդանության օրոք ձևավորված փոխգործակցությունը, Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ երկկողմ միջպետական հարաբերությունները օր օրի զարգանում և ամրապնդվում են: Սերժ Սարգսյանը ջերմությամբ է հիշել ընթացիկ տարվա գարնանը իր այցը Արաբական Միացյալ Էմիրություններ, որը որակական նոր լիցք հաղորդեց երկկողմ հարաբերություններին։ Նախագահը հույս է հայտնել, որ նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի այցը Հայաստան հայ-էմիրաթական համագործակցության օրակարգը կհարստացնի նոր բովանդակությամբ:
Շնորհակալություն հայտնելով Հանրապետության Նախագահին ջերմ ընդունելության համար՝ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը նրան փոխանցել է իր երկրի ղեկավարության ջերմ ողջույնները և բարեմաղթանքները: Նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հարաբերություններին կարելի է ավելի մեծ տեմպ հաղորդել, քանի որ կա երկու երկրների բարձր ղեկավարության քաղաքական կամքը և այդ հարաբերությունները շարունակաբար զարգացնելու համար ձևավորված ամուր հիմք:
ԱՄԷ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Նախագահին՝ Աբու Դաբի էմիրության թագաժառանգ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն ԱՄԷ-ում բնակության իրավունք ունեցողներին դյուրացված կարգով ՀՀ մուտքի արտոնագրեր տալու, ապա նաև ԱՄԷ քաղաքացիներին ՀՀ մուտքի վիզայի պահանջից ազատելու որոշման համար, որը, ըստ նրա, մեծ և կարևոր քայլ էր երկու երկրների համար:
Նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը նշել է, որ ինչպես զբոսաշրջության, այնպես էլ էներգետիկայի, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում երկուստեք զգալի աշխատանք կա իրականացնելու փոխգործակցության առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու համար և պատրաստ է իր հայ գործընկերոջ հետ միասին ջանքերը կենտրոնացնելու այդ ուղղությամբ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: