կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-16 17:37
Մշակույթ

Երևանում կանցկացվի «Արմենիա» մրցույթ-փառատոնը` 20 000 եվրո մրցանակային ֆոնդով

Երևանում կանցկացվի «Արմենիա» մրցույթ-փառատոնը` 20 000 եվրո  մրցանակային ֆոնդով

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ Երևանում հուլիսի 4-12-ը կանցկացվի «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնը:

Մրցույթին մասնակցելու հնարավորություն կստանան մինչև 34 տարեկան դաշնակահարներ: Առաջին անգամ Հայաստանում անցկացվող մրցույթի մրցանակային ֆոնդը 20 000 եվրո է (առաջին մրցանակ՝ 10 000 եվրո, երկրորդ մրցանակ՝ 5 000 եվրո, երրորդ մրցանակ՝ 3 000 եվրո և հատուկ մրցանակ՝ 2 000 եվրո):

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են հայտնի 5 երաժիշտ-կատարողներ աշխարհի տարբեր երկրներից: Հայաստանն այս հեղինակավոր ստուգատեսին կներկայացնի հայտնի դաշնակահար, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը:

Մրցույթը բաղկացած է երկու փուլերից: Լավագույն 5 դաշնակահարները բացառիկ հնարավորություն կստանան 2018 թվականին մասնակցելու Մալթայում անցկացվող դաշնակահարների միջազգային մրցույթին՝ Malta International Music Festival 2018-ի շրջանակում:

Նշենք, որ «Արմենիա» միջազգային առաջին փառատոնի ընթացքում համերգներով հանդես կգան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի փոխանցմամբ՝ սա այն եզակի դեպքերից է, երբ դասական երաժշտությունը համախմբում է Հայաստանում գործող լավագույն կոլեկտիվներին և աշխարհահռչակ մենակատարների:

Փառատոնային 9 համերգների ընթացքում ելույթ կունենան հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դաշնակահարներ Նարե Արղամանյանն ու Ֆյոդոր Ռուդինը, ջութակահար Ռոման Կիմը և այլք:

Փառատոնի գալա համերգին՝ հուլիսի 12-ին, հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը, որի մասնակցությունն այս նախագծին ինքնին մեծ հաջողություն է: