կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-01 14:15
Տարածաշրջան

Wikipedia-ի հիմնադիրն արձագանքել է Թուրքիայում այս կայքի արգելափակմանը

Wikipedia-ի հիմնադիրն արձագանքել է Թուրքիայում այս կայքի արգելափակմանը

Խոշորագույն ինտերնետային հանրագիտարանի՝ Wikipedia-ի հիմնադիր Ջիմի Ուեյլսն արձագանքել է Թուրքիայում առանց համապատասխան դատական որոշման Wikipedia-ի արգելափակման փաստին. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Թուրքական Birgün.net լրատվակայքի տեղեկացմամբ՝ թեմայի վերաբերյալ Twitter-ում հրապարակում կատարած Ուեյլսը մասնավորապես ասել է. «Տեղեկատվության հասանելիությունը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է: Ես միշտ կաջակցեմ թուրք ժողովրդին իր այդ իրավունքի իրացման համար մղվող պայքարում»:

Իսկ Wikimedia Community-ի Թուրքիայի օգտատերերի խումբը (Wikimedia Topluluğu Kullanıcı Grubu Türkiye) իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել. «Մենք այսօր ցավով նկատեցինք, որ Թուրքիյում ժամը 08:00-ից արգելափակվել են Wikipedia-ի բոլոր լեզուների, այդ թվում՝ թուրքերեն բաժինները: Wikipedia-ի բոլոր նախագծերը ղեկավարող Wikimedia հիմնադրամը թեմայի վերաբերյալ ուսումնասիրություններ և քննարկումներ է վարում: Մենք ցավալի ենք համարում որևէ գովազդից զերծ, ոչ առևտրային այս նախագծի արգելափակումը, որի հիմնական սկզբունքը բովանդակության հավաստիության ապահովումն է: Բազմաթիվ կամավորներ աշխատում են այս նախագծի վրա, որպեսզի յուրաքանչյուրի համար ազատորեն և անկողմնակալ կերպով հասանելի դարձնեն համամարդկային գիտելիքները: Հարգանքներով… »:

Թուրքիայում Wikipedia-ի արգելափակման առթիվ իր մտահոգություններն է հայտնել նաև «Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամը»՝ հիշեցնելով, որ այս խոշորագույն օնլայն հանրագիտարանը լայնորեն օգտագործվում էր հատկապես թուրք երիտասարդության կողմից:

Հիմնադրամը կոչ է արել անհրաժեշտության դեպքում արգելափակել միայն խնդրահարույց հոդվածները՝ զերծ մնալով միլիոնավոր օգտատերերի տեղեկատվության հասանելիութան սահմանադրական իրավունքը ոտնահարելուց: Կառույցը հույս է հայտնել, որ Թուրքիայի պատասխանատու մարմինները կուսումնասիրեն այս խնդիրը  և շուտափույթ լուծում կգտնեն:

Հիշեցնենք, որ Թուրքիայում Wikipedia-ն արգելափակվել էր  ապրիլի 29-ի վաղ առավոտյան: Այս մասին համապատասխան դատական որոշում չի կայացվել, բայց Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության խորհուրդը (BTK) տեղեկացրել է, որ կայքի նկատմամբ վարչական միջոցներ են կիրառվել: