կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-25 12:26
Իրավական

Ընտրակաշառք է բաժանվել ՀՀ 9 մարզերում. փաստաբանը ՍԴ-ում ընտրություների վերաբերյալ փաստեր է հրապարակում

Ընտրակաշառք է բաժանվել ՀՀ 9 մարզերում. փաստաբանը ՍԴ-ում ընտրություների վերաբերյալ փաստեր է հրապարակում

ՀՀ Սահմանադրական դատարանում շարունակվում է «Կոնգրես-ՀԺԿ» կուսակցությունների դաշինքի դիմումի քննությունը 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների ամփոփման մասին ԿԸՀ-ի որոշումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն այս պահին ներկայացնում է ընտրությունների ընթացքում կատարված խախտումների վերաբերյալ իրավական հիմնավորումները:

Ըստ նրա` խախտումների հիմնական շղթան սկսվել է ընտրողների ազատ կամաարտահայտմանը խոչընդոտելուց, մարդկանց` քվեարկությանը մասնակցելու ընտրության նկատմամբ ազդեցություն գործելուց:

«Մարդկանց քվեարկություն կատարելու համար տեղափոխել են տեղամասեր, արդյունքում` օրվա տարբեր ժամերի արձանագրվել է մասնակցության որոշակի տոկոսային օրինաչափություն: Զանգվածային փոխադրումներից հետո ընտրողներին դիմավորել են կոնկրետ անձինք, և այդ խախտումներն արձանագրել են բազմաթիվ դիտորդներ»,- ասաց նա:

Անդրադառնալով կաշառքի տրամադրման կամ կաշառքի տրամադրման խոստման դեպքերին` Եգորյանն ասաց, որ ըստ ԶԼՄ-ների հաղորդումների, դիտորդների և այլ աղբյուրների, ապրիլի 2-ի ընտրությունների համար կաշառքի խոստման կամ բաժանման դեպքեր են գրանցվել 28 տարածքային հանձնաժողովների տարածքներում, որոնք ընդգրկել են 9 մարզեր, 12 քաղաքներ և 6 գյուղեր:

Նրա խոսքով` մասնավորապես, ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար Արտաշատում բնակիչներին վառելափայտ են բաժանել, Իջևանում` հեռախոսների պատյաններ: Երևան քաղաքում «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչներն առաջարկել են 10.000 դրամ ընտրակաշառք: Նույնքան գումար Գորիսում բաժանել են Վահե Հակոբյանի օգտին քվեարկություն կատարելու համար, բացի այդ` նրա անունից ուսուցիչներին էլ ծաղկեփնջեր են բաժանել: Վահե Հակոբյանը Գորիսի համալսարանի ուսանողներին խոստացել է նաև ուսման վարձի 25 տոկոս զեղչ: Արագածոտնի մարզի Կոշ համայնքում Ռուբեն Հայրապետյանը խոստացել է էժան գազաֆիկացում իրականացնել: Երևանի Արաբկիր համայնքում ոմն Սոնա շրջել է Բաղրամյան փողոցի շենքերում և խոստացել 20.000 դրամ ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային կարգով առաջադրված Արտակ Սարգսյանին ընտրելու համար:

«Մարտունի քաղաքը և հարակից բնակավայրերն ընդգրկող ընտրատարածքների բնակիչներին«Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Սիմոն Հակոբյանի օգտին քվեարկելու համար քաղաքացիներին հագուստ է բաժանվել: Հրազդան քաղաքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Սամվել Սանամյանի նախընտրական շտաբի աշխատողները 10.000 դրամ գումար են բաժանել»,- հայտարարեց իրավաբանն ու նշեց, որ առկա փաստերը շատ են, սակայն էականն այս փաստերի առնչությամբ պաշտոնատար անձանց գործողություններն ու անգործությունն է:

«Իրավապահ համակարգը մատնված է եղել անգործության, այս ահազանգերից որևէ մեկով չի իրականացվել արդյունավետ քննություն»,- նշեց նա:

Այս պահին ՍԴ-ն ընդմիջել է դիմումի քննությունը: