Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են պարտադիր ժամկետային երկու զինծառայողների՝ Գրիգոր Ավետիսյանի և Սուրեն Արամյանի` 2016 թվականի ապրիլի 6-ին մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի ապրիլի 6-ին ՀՀ ՊՆ N զորամասի հրետանու կրակային դիրքում մահացու հրազենային վիրավորումներով հայտնաբերվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գրիգոր Հերմոնի Ավետիսյանը և Սուրեն Արթուրի Արամյանը:
Դեպքի առթիվ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, մշակվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվել են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Պարզվել է, որ դեպքի նախորդող օրը նշված զինծառայողների մասնակցությամբ տեղի է ունեցել լեզվակռիվ, որի ժամանակ հնչեցվել են հայհոյանքներ։
Նույն օրը՝ ժամը 21:00-ին, իրավապահ մարմիններին է ներկայացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դ. Դումիկյանը և հայտնել, թե ինքն է սպանել համածառայակիցներ Գ. Ավետիսյանին և Ս. Արամյանին՝ իրեն ուղղված հայհոյանքների համար վրեժխնդիր լինելու շարժառիթով:
Քրեական գործով իրականացվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ զինծառայողի ինքնախոստովանական ցուցմունքներն ստուգելու, քրեական գործով ձեռք բերված մյուս ապացույցների հետ համադրելու ուղղությամբ։ Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Դ. Դումիկյանը կրակոցներ է արձակել միայն Գ. Ավետիսյանի ուղղությամբ՝ նախորդ օրն իրեն հայհոյելու, ինչպես նաև համատեղ ծառայության ընթացքում իրեն պարբերաբար ծաղրելու համար։
Բացի այդ, պարզվել է նաև, որ նույն զորամասի մարտկոցի հրամանատար, կապիտան Ռ. Հակոբյանը և մարտկոցի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ֆ. Հովհաննիսյանը, հանդիսանալով պետ և պաշտոնատար անձ, տեղեկացված լինելով Գ. Ավետիսյանի կողմից Դ. Դումիկյանի պատիվ ու արժանապատվությունը պարբերաբար ստորացնելու բազմաթիվ դեպքերի մասին, դրսևորել են անգործություն, չեն կատարել իրենց վրա օրենքով և զինվորական կանոնադրություններով դրված պարտականությունները, չեն հաշվառել նշված դեպքերը և այդ մասին չեն զեկուցել վերադաս հրամանատարությանը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Դ. Դումիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ռ. Հակոբյանին և Ֆ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով:
Նկատի ունենալով, որ կատարված նախաքննությամբ մեղադրյալներ Դ. Դումիկյանի, Ֆ. Հովհաննիսյանի և Ռ. Հակոբյանի վերաբերյալ ձեռք բերված ապացույցները բավարար են՝ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար՝ նրանց վերաբերյալ դրվագը քրեական գործից անջատվել է առանձին վարույթ և հայտարարվել նախաքննության ավարտի մասին։ Գ. Ավետիսյանի սպանության համար 3 մեղադրյալների մասով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
Սուրեն Արամյանի սպանության մասով նախաքննությունը շարունակվում է, և իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի սպանության հանգամանքների վերաբերյալ ձեռք բերված փաստական տվյալների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: