Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով այսօրվա դատական նիստում գործով ամբաստանյալների պաշտպանները հերթական անգամ ինքնաբացարկ հայտնեցին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին: Վերջինս հերթական անգամ արգելեց լրագրողներին նիստի ընթացքում տեսանկարահանում իրականացնել՝ հիշեցնելով դատական նիստը 10 րոպեից ավելի չնկարահանելու վերաբերյալ իր որոշումը:
Դատավորին, ամենայն հավանականությամբ, նյարդայնացրեց այն հանգամանքը, որ պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդությունում թվարկում էին իր կողմից կատարված` քրեադատավարական նորմերի կոպիտ խախտումները, իսկ լրագրողներն այդ ընթացքում տեսանկարահանում էին:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում պաշտպանները միջնորդել էին վերանայել տեսանկարահանումների սահմանափակման վերաբերյալ որոշումը, սակայն դատարանն այդ միջնորդությունը չքննեց:
Նախքան ինքնաբացարկի միջնորդությունը` ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդել էր դատարանին` իր պաշտպանյալի նկատմամբ ստացիոնար համալիր դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննություն նշանակել: Պաշտպանի խոսքով՝ դեպքից երկու ամիս առաջ իր պաշտպանյալը դիմել է բուժօգնության՝ գանգատվելով դյուրագրգիռությունից, ձեռքերի դողից, քնի խանգարումից: Չիչոյանի մոտ ախտորոշվել է աստենոնևրոտիկ համաշխտանիշ, նշանակվել է դեղորայքային բուժում:
«Այս փաստական տվյալներն ուսումնասիրելուց հետո մեզ համար պարզ դարձավ, որ Արտաշես Չիչոյանը գտնվել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում, ինչն ակնհայտ է դեպքից դեռևս երկու ամիս առաջ տված ախտորոշումից»,- հայտարարեց պաշտպանը:
Նրա խոսքով՝ իր պաշտպանյալի նկատմամբ անհրաժեշտ է նշանակել դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննություն: «Գործում առկա ապացույցներն ու փաստական տվյալներն ակնհայտորեն վկայում են այն մասին, որ մեղսագրվող արարքը կատարելու պահին Չիչոյանն առնվազն ունեցել է հոգեբույժի ախտորոշում և, դրանով պայմանավորված, եղել է հոգեպես խիստ լարված վիճակում, ինչը կարող էր ազդել նրա գործողությունների վրա»,- ասաց Պողոսյանը:
Դատավոր Աննա Դանիբեկյանը քննության չառավ միջնորդությունը՝ նշելով, որ միջնորդությունը քննության այս փուլում չի կարող քննարկվել: Նշենք, որ դատարանը դեռևս չի անցել դատաքննության փուլին:
Մինչ այժմ պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները, այդ թվում` էական նշանակություն ունեցող` ծածկանունով վկաների ցուցմունքներին ծանոթանալու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժել է: Հաշվի առնելով դատավորի անհիմն և չպատճառաբանված որոշումները` պաշտպաններն ինքնաբացարկ հայտնեցին նրան: Դատավորը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, երկրորդ անգամ մերժեց իր դեմ ներկայացված բացարկը:
Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: