Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ իրենց հարցումների համաձայն՝ ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններով հետաքրքրվողների թիվն աճել է, բայց նրանցից շատերը հասկացել են նաև, որ պետք չէ տարվել հույզերով. դրանք անիրական են:
Ըստ նրա` հարցումները ցույց են տալիս, որ չկա այնպիսի ուժ, որը լիարժեք հաղթող լինի: «Չկա մի ուժ, որ հիսուն պլյուս մեկ ձայն հավաքի»,- ասաց սոցիոլոգը:
Նրա խոսքով՝ շատ են նաև այնպիսի քաղաքացիները, ովքեր անհատներին գիտեն, բայց չգիտեն՝ որ քաղաքական ուժն է նա ներկայացնում: «Օրինակ՝ շատերը գիտեն, ասենք, Արթուր Բաղդասարյանին, բայց չգիտեն, որ նա վերածնված «Հայկական վերածնունդ»-ից է»,- ասաց Ադիբեկյանը:
Ի դեպ, ներկայացնելով հարցման՝ քաղաքական ուժերի ձայների նախնական բաշխման մասը՝ Ադիբեկյանը նշեց, որ «Ծառուկյան» դաշինքն իր ձայներով գերազանցում է ՀՀԿ-ին: «1.5-2 տոկոսով գերազանցում է ՀՀԿ-ին: Եթե Ծառուկյանը մի քանի վրիպում թույլ չտար, ավելի շատ տոկոս կունենար, բայց երևի նրա թիմում չկա մեկը, ով կարող է ասել նրան այդ մասին»,- ասաց սոցիոլոգը՝ հավելելով, որ ՀՀԿ-ն ավելի շատ ձայներ հավաքում է Երևանում, իսկ «Ծառուկյան» դաշինքը՝ մարզերում: «Մի բան է քարոզել անվտանգություն և խաղաղություն, մեկ այլ բան` խաղողություն և բարգավաճում»,- ասաց նա:
Ադիբեկյանը նաև նշեց, որ ներկա փուլում ընտրություններին հնարավոր մասնակիցների թիվը կազմում է 61.5 տոկոս, իսկ ակտիվ մասնակիցների թիվը՝ 92 տոկոս: Սոցիոլոգի տվյալներով՝ ընտրություններին մասնակից ուժերին տրվող ձայների բաշխվածությունն այսպիսին է` «Ծառուկյան» դաշինքի օգտին մարզերում կքվեարկի ընտրողների 37 տոկոսը, ՀՀԿ-ի օգտին՝ 33 տոկոսը, ՕՐՕ-ի օգտին` 5-6 տոկոսը, «Ելք»-ի օգտին՝ 5-6 տոկոսը, ՀՅԴ-ի օգտին` 5 տոկոսը, ՀՎԿ-ի օգտին՝ 5-6 տոկոսը, «Ազատ դեմոկրատներ»-ի օգտին` 3-4 տոկոսը, ՀԱԿ-ի օգտին` 3-4 տոկոսը, Կոմկուսի օգտին՝ 2-3 տոկոսը: Երևանում ՀՀԿ-ի օգտին քվեարկողների թիվը կհասնի 37 տոկոսի, իսկ «Ծառուկյան» դաշինքի օգտին՝ 34.5 տոկոսի: