կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-13 18:34
Իրավական

Ջրառատում Լեռնիկ Երանոսյանն իր ատրճանակով արձակել է մեկ կրակոց. նոր մանրամասներ

Ջրառատում Լեռնիկ Երանոսյանն իր ատրճանակով արձակել է մեկ կրակոց. նոր մանրամասներ

Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում տեղի ունեցած վիճաբանության հանգամանքները պարզվում են:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Հաղորդագրության մեջ ասվում է. «Իրականացվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ 2017թ. մարտի 12-ին Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ոստիկանությունից ստացված նյութերի համաձայն՝ մարտի 12-ին՝ ժամը 18:25-ին, Վաղարշապատի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «ձախ այտի կոպի շրջանի սալջարդային քերծվածքներ, գլխի, որովայնի, կրծքավանդակի վերին վերջույթների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Լեռնիկ Երանոսյանը, որը հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել Ջրառատ գյուղում:  Նույն օրը՝ ժամը 19:40-ին, Վաղարշապատի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ կոպի հեմատոմա, սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության են ընդունվել Միքայել Բաբոյանը և հայտարարել, որ վնասվածքն ստացել է Ջրառատ գյուղում վիճաբանության ժամանակ:

Նախնական տվյալներով՝ մարտի 12-ին ժամը 16-ի սահմաններում Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ Լ. Երանոսյանը և Մ. Բաբոյանը ստացել են նշված մարմնական վնասվածքները։ Քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ նույն վիճաբանության ժամանակ Լ. Երանոսյանն իր ատրճանակով արձակել է մեկ կրակոց՝ օդ:

Զննվել է դեպքի վայրը, որի ժամանակ վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել «Մակարով» տեսակի ատրճանակը։

Նշված դեպքի շրջանակներում նույն օրը ոստիկանության կողմից բերման է ենթարկվել 5 անձ, ևս մեկը ներկայացել է կամավոր։ Առգրավվել են վերջիններիս հանգին՝ դեպքի պահին եղած հագուստները։ Բերման ենթարկված անձինք փաստաբանի ներկայությամբ հրաժարվել են կրակոցի արգասիքի նմուշ և բացատրություններ տալուց:

Ստուգվել է բերման ենթարկվածների սթափության աստիճանը և, համաձայն զննության արձանագրություն, նրանք գտնվել են սթափ վիճակում:

Դեպքի վերաբերյալ հաղորդում և բացատրություն է տվել Լեռնիկ Երանոսյանը։ Իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ վիճաբանության շարժառիթը, մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ»։