|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է նախորդ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ վարույթում քննված քրեական գործերը, վեր հանել ընտրախախտումներին նպաստող հանգամանքները և դրանց վերաբերյալ միջնորդագիր ուղարկել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ուսումնասիրությունների համաձայն՝ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները եղել են տարաբնույթ և վերաբերել ընտրությունների անցկացման տարբեր ընթացակարգերին, որոնք գործնականում կապված են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և անդամների կողմից օրենսդրության ոչ հստակ իմացության, դիտորդների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, ընտրողների ինքնության ստուգման և գրանցման գործընթացի ոչ պատշաճ կազմակերպման, ինչպես նաև` հանձնաժողովի անդամների անփույթ աշխատաոճի հետ: Նման դեպքերը ստեղծում են պայմաններ և նպաստում հանցագործությունների կատարմանը:
ՀՀ ՔԿ նախագահը գրավոր միջնորդագիր է ուղարկել ԿԸՀ՝ ներկայացնելով արձանագրված խախտումները և միջնորդելով քննարկել և միջոցներ ձեռնարկել՝ խախտումների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու, ինչպես նաև` ընտրական գործընթացում ներգրավված անձանց իրազեկվածության և իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:
ԿԸՀ նախագահը 08.02.17թ. գրությամբ տեղեկացրել է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատշաճ իրազեկումն ապահովելու նպատակով նախաձեռնել է իրազեկման լայնածավալ աշխատանքներ, իսկ 2017 թվականի մարտին կայանալիք տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցման դասընթացների շրջանակներում քննարկման առարկա կդառնան ՀՀ ՔԿ նախագահի միջնորդագրով ներկայացված խնդիրները: