Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հաշվի առնելով, թե ինչ վերադասավորումներ են տեղի ունենում Հայաստանի ներքին քաղաքական դաշտում, կարելի է խնդրել Հայաստան դեղ ներմուծող ընկերություններին եւ անհատներին, որպեսզի բենզոդիազեպին շատ բերեն: Այս դեղամիջոցը, եթե չգիտեք, առաջացնում է հիշողության կորուստ, եւ քանի որ քաղաքական ուժերը գալիք ընտրություններից առաջ շատ են ցանկանում, որ ընտրողներն ունենան հիշողության կորուստ, որպեսզի նորից ընտրեն իրենց, եւ որովհետեւ մեր ժողովուրդն, իրոք, ունի շատ եւ կործանարար հիշողություններ` ե'ւ ազգային, ե'ւ անձնական մակարդակի, կարծում եմ` բենզոդիազեպինի մասսայական կիրառումը կարող է շահեկան լինել քաղաքական ուժերի եւ օգտակար` ժողովրդի համար:
Ի դեպ, մամուլում կան հրապարակումներ, ըստ որոնց` «Հայկական վերածնունդը», հավանաբար լուրջ ընդունելով այն հանգամանքը, որ իրենք իսկապես կոչված են վերածնելու հայկական աշխարհը, մարդկանց բենզոդիազեպին է բաժանում` անվճար: Հասկանալի է` մարդիկ կխմեն, չեն հիշի, թե, օրինակ, Արթուր Բաղդասարյանն առաջ ինչ էր խոսում, կլսեն միայն այն, թե հիմա ինչ է խոսում ու կընտրեն Բաղդասարյանին, քանի որ հիմա ճիշտ է խոսում եւ կարեւորը՝ բարձր: Բացի այդ` վերածնվելու համար դարավոր եւ հինավուրց հիշողության կորուստը, իրոք, կարող է օգտակար լինել: Թեև «Հայկական վերածնունդ» կուսակցությունից Մհեր Շահգելդյանն այսօր ԱԺ-ում հայտարարել է, որ այն լուրերը, թե իրենք մարդկանց անվճար բենզոդիազեպին են բաժանում հիմարություն են: Անկեղծ ասած` պարոն Շահգելդյանը չի մանրամասնել, թե այս լուրի ո՞ր մասն է հիմարություն` այն, որ բաժանո՞ւմ են, թե՞ այն, որ անվճար են բաժանում:
Հավանաբար, կարեւոր չէ, գալիք ընտրություններում «Հայկական վերածնունդը» ամենակարեւորը չի լինելու: Ավելի կարեւոր ուժեր կան, օրինակ` խիստ լարված, հուզված եւ հին ու բարի ժամանակներին սպասող ԲՀԿ-ն, ինչպես նաեւ ավելի հին ժամանակներին սպասող ՀԱԿ-ը: ԲՀԿ-ից, օրինակ, հայտարարել են, որ իրենց նախընտրական սխեման գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը: Սխեման, ի դեպ, ցուցակը չէ. որպեսզի Գագիկ Ծառուկյանը գլխավորի ԲՀԿ նախընտրական ցուցակը, պետք է նախ մտածի, հետո որոշի, որ ուզում է կրկին դառնալ ԲՀԿ-ական, ապա մի դիմում գրի՝ Նաիրա Զոհրաբյանի անունով, վերջինս էլ ընդունի պարոն Ծառուկյանին:
Այնպես որ` երբ Հայաստան դեղ ներմուծելիս բենզոդիազեպին ներմուծեք, ԲՀԿ-ին չմոռանաք: Ամեն դեպքում՝ ԲՀԿ-ին ուղղվելիք չափաբաժնում գրեք, որ կոնյակի հետ օգտագործել չի կարելի, ու առհասարակ՝ շատ բան այս կյանքում չի կարելի` բարգավաճ մարդիկ են, կարող է չգիտեն:
ՀԱԿ-ին էլ չմոռանաք: ՀԱԿ-ին, կարծում եմ ամենաշատը պետք է տաք, քանի որ ազգային հիշողությունից ամենաշատը նրանք են տուժում: Հենց մարդիկ մի բան են հայտարարում կամ պահանջում, անմիջապես հիշեցնում ենք՝ բա լա՞վ էր, որ ձեր ժամանակ, բա ինչո՞ւ ձեր ժամանակ, բա դուք՝ ձեր ժամանակ… Այդ «ձեր ժամանակը» պետք է ջնջվի համազգային հիշողությունից, քանի որ միայն այդ պարագայում Լեւոն Տեր-Պետրոսյանենք կրկին կընկալվեն որպես նոր հայկական ինտելեկտուալներ, որոնց տրված է ազգը դեպի անկախություն, արդարություն եւ ազատություն առաջնորդելու բարձր առաքելությունը: Ամեն դեպքում, ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի, իրենց նախընտրական ցուցակը գլխավորելու է Տեր-Պետրոսյանը: Լավ է, որ սխեման չի գլխավորելու, այլ հենց` ցուցակը, բայց վատ է, որ ՀԱԿ-ը բենզոդիազեպին չի բաժանում, իրենց համար է վատ: Չնայած իրենց համար 1996-ից այս կողմ վատ է, մինչ այդ՝ ընտիր էր, անգամ` հոսանք կար ու գազ, ու վերմիշել. միայն վերմիշել կար:
Եվ վերջապես` լավագույնը տղերքը՝ հան-րա-պե-տա-կան: Ինչպես նրանք նշեցին իրենց վերջին հուժկու համագումարում, ապագայատենչ քաղաքական ուժ են: Իմիջիայլոց, այսօր ԱԺ-ում Հանրապետականի՝ ապագային միտված լինելու մասին խոսել է նաեւ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Սա նշանակում է, որ ՀՀԿ-ին ներկան չի հետաքրքրում, անցյալն՝ առավել եւս, իրենք սեւռված են ապագայի վրա: Կնշանակի բենզոդիազեպին իրենց էլ պետք կգա: Որպեսզի բոլորը դառնան ապագայատենչ, այսինքն՝ հանրապետական, պետք է մոռանալ անցյալը եւ չապրել ներկայով: Կասեք՝ առանց անցյալ ու ներկա ապագա չի՞ լինում, ես էլ կասեմ, իսկ, անցյալի վերքերից մռմռալով, ներկայում յոլա գնալով, ապագա լինո՞ւմ է, կամ ներկայումս մի կերպ մի բան գտածին լուսավոր եւ գունեղ ապագայի մասին պատմո՞ւմ են:
Ինչեւէ, որպեսզի բոլորը դառնան ապագայատենչ-հանրապետական, պետք է օգտագործեն բենզոդիազեպին: Հասկանալի է, որ օգտագործումից հետո սկսում ես լսել, ենթադրենք, Առաքել Մովսիսյանին՝ առանց հիշելու, թե ինչ էր նրա մականունը...
Իսկ գուցե իսկապես պե՞տք է այս դեղամիջոցի համազգային օգտագործումը: Ընտրությունների համար չէ, քաղաքականության համար չէ, մեզ համար… Բանն այն է, որ սկզբից բոլոր մարդիկ սիրում են, հետո` ճանաչելով` ատում. բենզոդիազեպինը ջնջելու է այդ ճանաչման գործընթացը, թողնելու է միայն սերը…
Հովիկ Աֆյան