Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ օգնության միության Հայաստանի շրջանային վարչությունը 25 տարեկան է: Կամավորների միջազգային օրվա առթիվ այսօր Երևանում էին հավաքվել Հայաստանի համայնքներում գործող` ՀՕՄ-ի 47 մասնաճյուղերից ժամանած կամավորներ: Հոբելյանական միջոցառումը կրում էր «Ժողովրդիս հետ, ժողովրդիս համար» խորագիրը: Հայ օգնության միությունն այսօր միավորում է երկու տասնյակից ավելի պետությունների շուրջ 15000 կամավոր հայուհիներ՝ աշխարհում հանդես գալով որպես կայացած խոշորագույն բարեսիրական կազմակերպություն:
Հայաստանի Հայ օգնության միությունը հիմնվել և պաշտոնական գրանցում է ստացել 1991-ին: Այսօր ՀՕՄ-ի ավելի քան 500 կամավորներ բազմաթիվ բարեգործական ծրագրեր են իրականացնում Հայաստանի տարբեր համայնքներում՝ ընդգրկելով կրթության, մշակույթի, առողջապահական, սոցիալական և տնտեսական ոլորտները: «Այս 25 տարիների ընթացքում ՀՕՄ-ի կամավորներն իրենց հավելյալ ժամանակն ու աջակցությունն են բերել ի նպաստ հայ ժողովրդի՝ առանց որևէ ակնկալիքի ու գնահատականի սպասելիքի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ատենապետ Դիանա Հովսեփյանը:
Նրա խոսքով՝ ՀՕՄ-ի կամավորները մեծ աշխատանքներ են կատարել հատկապես 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին՝ օժանդակություն ցուցաբերելով զոհված զինծառայողների ընտանիքներին ու վիրավոր զինվորներին: Այդ ընթացքում ՀՕՄ-ի ջանքերով մեծաքանակ հումանիտար օգնություն է ուղարկվել դիրքեր ու զորամասեր:
ՀՕՄ-ի կամավորների խոսքով՝ կազմակերպությունը մեծ ուշադրություն է հատկացնում սոցիալական ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես` այս 25 տարիների ընթացքում 7927 ծնողազուրկ երեխաներ ՀՕՄ-ի ջանքերով գտել են աշխարհի տարբեր երկրներում ապրող հովանավորներ, ովքեր նյութական աջակցություն են ցուցաբերել երեխաներին՝ մինչև նրանց չափահաս դառնալը: Ներկայումս այդ ծրագրում ընդգրկված է 1197 ծնողազուրկ երեխա:
Այսօր տեղի ունեցած հոբելյանական միջոցառման ժամանակ աոցիալական ոլորտում կատարած աշխատանքների համար ՀՕՄ-ը պարգևատրվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվոգրով:
Կրթության և գիտության նախարարության կողմից ՀՕՄ-ին շնորհվեց ՀՀ բարձրագույն պարգև՝ Ոսկե հուշամեդալ:
Արցախում կատարած աշխատանքների համար ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի անունից ՀՕՄ-ը պարգևատրվեց ԼՂՀ վարչապետի հուշամեդալով: