կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-02 19:09
Քաղաքական

Նախագահը կարեւորել է հայ-ամերիկյան համագործակցությունը պաշտպանական բնագավառում

Նախագահը կարեւորել է հայ-ամերիկյան համագործակցությունը պաշտպանական բնագավառում

Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները մշտապես վերընթաց զարգացում են ունեցել, եւ երկու բարեկամ երկրները եկող տարի նշվելիք այդ հարաբերությունների հաստատման 25-ամյակին մոտենում են վերջին մեկ-երկու տարիների ընթացքում ձեռք բերված լուրջ հաջողություններով: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների կառավարությանը՝ Հայաստանի տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության կայացմանը տարիներ շարունակ օժանդակելու համար եւ բարձր է գնահատել ԱՄՆ դերակատարությունը մեր տարածաշրջանում կայունության պահպանման գործում:

Հանրապետության Նախագահը կարեւորել է հայ-ամերիկյան համագործակցությունը պաշտպանական բնագավառում, մասնավորապես՝ ամերիկյան կողմի աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին, ռազմաբժշկական, հումանիտար ականազերծման եւ խաղաղապահության ոլորտներում կարողությունների զարգացմանը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Մայքլ Քարփինթերի այցը եւս իր նպաստը կբերի Հայաստան-Միացյալ Նահանգներ կապերի հետագա զարգացմանը:

Զրուցակիցները գոհունակությամբ են նշել, որ հայ-ամերիկյան ներկայիս բարձր մակարդակի հարաբերությունների զարգացման հիմքում ընկած են երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքն ու համակրանքը, եւ այսօր Հայաստանն ու ԱՄՆ-ը ամուր գործընկերային հարաբերություններ ունեն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթություններում:

ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Մայքլ Քարփինթերն իր երախտագիտությունն է հայտնել խաղաղապահ գործողություններում Հայաստանի ներդրման համար:

Նախագահ Սարգսյանը եւ Մայքլ Քարփինթերը քննարկել են ռազմական, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: