Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային սկաուտական շարժման պատվիրակությանը՝ շարժման գլխավոր քարտուղար Սքոթ Թիրի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են Հայաստանի ազգային սկաուտական շարժման ներկայացուցիչները և Համաշխարհային կոմիտեի անդամները, ովքեր Հայաստանում ս.թ. մայիսի 6-11-ը անցկացնում են Համաշխարհային սկաուտական շարժման «Եվրասիա» տարածաշրջանի սկաուտական կոմիտեի նիստը:
Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին, կարևորել սկաուտության առաքելությունն ու շարժման կողմից իրականացվող աշխատանքը՝ ուղղված պետությանն արժանի, կրթված և ճիշտ արժեքներ կրող, ֆիզիկապես և հոգեպես առողջ սերնդի դաստիարակությանը:
Ընդգծելով, որ Հայաստանում երեխաների և երիտասարդների շրջանում նման կրթադաստիարակչական աշխատանքներ իրականացնող այլ կազմակերպություններ էլ կան, Սերժ Սարգսյանը նշել է, որ որքան շատ լինեն այդպիսի շնորհակալ աշխատանքով զբաղվող կառույցները, այնքան կշահեն պետությունն ու հասարակությունը:
Հանրապետության Նախագահը կարևորել է սկաուտական միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ Հայաստանի ազգային սկաուտական շարժման սերտ համագործակցությունն ու տարիներ շարունակ հետևողականորեն համահայկական և միջազգային միջոցառումների կազմակերպումը, որը, Նախագահի համոզմամբ, համագործակցության, փորձի փոխանակման, ջերմ ու բարեկամական հարաբերությունների ձևավորման տեսանկյունից ևս չափազանց կարևոր է:
Սերժ Սարգսյանը նշել է, որ չնայած 1989 թվականից գործող Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպությունը 1997 թվականից է դարձել Համաշխարհային սկաուտական շարժման լիիրավ անդամ, այդուհանդերձ, կազմակերպությունը հանդիսանում է դեռևս 1918 թվականին՝ Հայաստանի առաջին հանրապետության ժամանակաշրջանում հիմնված Հայ մարմնակրթական ընդհանուր միության ավանդույթների կրողն ու շարունակողը:
Ողջույնի խոսքում Հանրապետության Նախագահն անդրադարձել է Համաշխարհային սկաուտության կողմից նախաձեռնած «Խաղաղության սուրհանդակներ» ծրագրին՝ ուղղված խաղաղության հաստատմանն ու տարածմանը և շեշտել, որ տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման ձգտող Հայաստանի համար դա չափազանց կարևոր ծրագիր է: Նախագահի համոզմամբ, Մերձավոր Արևելքում, մեր տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում այսօր անվտանգությանն ու խաղաղությանն ուղղված մարտահրավերների առկայության պայմաններում նման նախաձեռնություններն առավել քան կարևոր են և արդիական:
Նախագահը ներկայացրել է Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ԼՂ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը և ընդգծել, որ Հայաստանն անում է ամեն հնարավորը՝ վստահության ստեղծման, կառուցողական բանակցությունների անցկացման համար: Այդ նպատակով մեր երկիրը նաև մասնակցում է Ադրբեջանում անցկացվող միջազգային կամ տարածաշրջանային տարբեր միջոցառումների, մինչդեռ Ադրբեջանը խուսափում է Հայաստանում այդպիսի միջոցառումներին՝ անգամ սկաուտական շարժման ապաքաղաքական սեմինարին մասնակցությունից:
Նախագահը նշել է, որ բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, պետականորեն ջանքեր են գործադրվում երիտասարդների ինքնադրսևորման հնարավորությունների ստեղծման համար:
Հանդիպմանը սկաուտական շարժման գլխավոր քարտուղարը և բոլոր մասնակիցները շնորհակալություն են հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ հյուրընկալության և Հայաստանում սկաուտական շարժմանը ցուցաբերած աջակցության ու մշտական ուշադրության համար, նշել, որ հաջորդ տարվա հոկտեմբերին Հայաստանում նախատեսված է անցկացնել ևս մեկ մեծ միջոցառում՝ տարածաշրջանային համաժողով: Սկաուտական շարժման մասնակիցները հույս են հայտնել, որ Նախագահը միջոցառման շրջանակներում կհյուրընկալվի Բյուրականի սկաուտական բանակավայրում: