Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սեպտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Էջմիածնի և Երևանի ծննդատներ` հայրապետական իր օրհնությունը բերելու նորածիններին ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առիթով:
Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Երևանում Ամենայն Հայոց Հայրապետը ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելել է Հանրապետական կլինիկական ծննդատուն:
Ծննդատան առջև Գարեգին Բ Հայրապետին դիմավորել է ծննդատան բուժանձնակազմը` գլխավոր բժիշկ, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռազմիկ Աբրահամյանի գլխավորությամբ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախ այցելել է ծննդատան նորածնային բաժին, ուր աղոթք է արել և օրհնել հոբելյանական այս օրերին ծնված մանուկներին: Ապա Վեհափառ Հայրապետը զրուցել է երիտասարդ մայրերի հետ` նրանց բերելով իր օրհնությունն ու գնահատանքը: Գարեգին Բ Կաթողիկոսը շնորհավորել և մասնավոր իր օրհնությունն է փոխանցել նաև Մարիամ Թունյանին, ով ՀՀ ԱՆ պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում սեպտեմբերին քառյակ է լույս աշխարհ բերել:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը զրույց է ունեցել ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնակատարի, ծննդատան գլխավոր բշժկի և բուժանձնակազմի հետ: Նորին Սրբությունը, կարևորելով բժշկի առաքելությունը, իր գնահատանքն է հայտնել ամենքին իրենց ազգօգուտ և նվիրյալ ծառայության համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է նաև Հանրապետական կլինիկական ծննդատան շրջափակում գտնվող մատուռ, ուր աղոթք է բարձրացրել Հայրենիքի անսասանության և նորածինների խաղաղ ու բարօր կյանքի համար: Այցի առթիվ Նորին Սրբությունը մատուռին նվիրեց Ս. Աստվածածնի սրբանկար:
Նույն օրը Գարեգին Բ Կաթողիկոսն եղել է Էջմիածին քաղաքի Կենտրոնական հիվանդանոցի ծննդատանը:
Գլխավոր բժիշկ Լիլիթ Գասպարյանի ուղեկցությամբ Նորին Սրբությունն այցելել է նորածիններին և նրանց մայրերին, օրհնել է և աղոթել նրանց քաջառողջության և երջանկության համար: Վեհափառ Հայրապետը ծանոթացել է նաև ծննդատան պայմաններին:
Ծննդատներ այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի և ԵՀԽ Կլոր Սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի կողմից բոլոր նորածիններին ու նրանց մայրերին բաշխվել են նվերներ:
Նորին Սրբությանն ուղեկցում էին Արարատյան Հայրապետական թեմի Առաջանորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը և Կլոր Սեղան հիմնադրամի տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը: