Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքական Sözcü պարբերականի սյունակագիր Ջան Աթաքլըն անդրադարձել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի ունեցած` Պուտին-Էրդողան հանդիպմանը:
Աթաքլըն ուշագրավ մանրամասներ է ներկայացրել նախագահների հանդիպումից՝ պնդելով, որ Պուտինը 7 նախապայման է ներկայացրել Էրդողանին, որոնց լուծման դեպքում կողմերի միջև հարաբերությունները կկարգավորվեն:
Ըստ լրագրողի` Պուտինի ներկայացրած նախապայմանները հետևյալն են.
1. «Սիրիայի նկատմամբ ձեր քաղաքականությունն ի սկսզբանե սխալ է ընթացել: Ձեր հաշվարկն արեցիք՝ մտածելով, որ արդյունքում Ասադը կհեռանա, սակայն բացահայտվեց, որ սխալմունք էր դա: Մենք Ասադին ենք աջակցում, դուք էլ այլևս համառությունից հրաժարվեք և ճանաչեք Ասադի գոյությունը: Ընդունեք, որ Սիրիայի խնդիրն անցնում է Ասադով:
2. Ղարաբաղը մեզ համար շատ կարևոր է: Գիտենք նաև, որ այն ձեզ համար էլ Ադրբեջանի պատճառով է կարևոր, սակայն այս հարցում այլևս զսպվածություն ցուցաբերեք: Այս խնդիրն էլ պետք է լուծում ստանա: Մեզ հակառակվելով՝ խնդիրը լուծելու փոխարեն, ավելի եք բարդացնում:
3. Ղրիմի հարցում դուք աջակցում եք մեր դեմ իրականացվող քայլերին՝ օգտագործելով պատմական կապերը: Եվ այդ նույնն անում եք Կովկասի որոշ երկրներում նույնպես. մենք ուշադիր հետևում ենք: Սխալ եք անում: Դա խոչընդոտում է հարաբերությունների կարգավորմանը:
4. Ղազախստանը, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը մեր կազմակերպության անդամ երկրներ են: Մենք գիտենք և հետևում ենք, որ ձեր գործակալները այդ երկրներում հետախուզական աշխատանքներ են իրականացնում և փորձում են տարածաշրջանի ժողովուրդներին մեր դեմ տրամադրել: Վերջ տվեք: Մենք, դրա վառ ականատեսը լինելով, դա թույլ չենք տա:
5. Այն դեպքում, երբ Սիրիայում բուն վտանգը «Իսլամական պետություն» ահաբեկչական և նմանատիպ այլ խմբավորումներն են, դուք ձեր ուշադրությունը հրավիրում եք Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) վրա: PYD-ն մեզ համար էլ է կարևոր: Որևէ քայլ անելիս այդ մասին մի\' մոռացեք: Հակառակ դեպքում` տարածաշրջանը ոչ ցանկալի իրադարձությունների թատերաբեմ կարող է դառնալ:
6. Վերջ տվեք Սիրիա զենքի և զինամթերք ուղարկելուն: Ձեր սահմանները բաց են պահվում ահաբեկչական կառույցների և Ռուսաստանի շահերին դեմ հանդես եկողների համար: Վերահսկեք ձեր սահմաններն ու հանդուրժողականություն մի\' ցուցաբերեք ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ:
7. Երկու երկրների միջև փոհադարձ վստահությունն ու անկեղծությունը շատ կարևոր են: Ներքին քաղաքականության դեպքում հասկանելի է, սակայն մի շարք թուրք նախարարների և պաշտոնյաների հակառուսական հայտարարությունները մեզ չափազանց անհանգստացնում են: Հատկապես` մեր ինքնաթիռի խոցումից հետո արված որոշ հայտարարություններ չեն կարող մոռացվել: Այսուհետ, կխնդրեմ, ավելի զգույշ լինեն»:
Ի դեպ, սյունակագիրը նշել է, որ այս 7 կետերին «նախազգուշացում» ասելը կարող է «շատ լինել»: Դրա փոխարեն նա առաջարկել է դրանք ընկալել որպես «պայման»:
Թարգամանությունը՝ Արազ Գայմագամյանի