կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-29 17:00
Հասարակություն

Սփյուռքահայ 67 ուսուցիչ ստացել է ԿԳ նախարարության վկայական

Սփյուռքահայ 67 ուսուցիչ ստացել է ԿԳ նախարարության վկայական

Ա. Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում կայացել է Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի փակման արարողությունը: Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը՝ հույս հայտնելով, որ դասընթացները կնպաստեն սփյուռքահայ գաղթօջախներում հայապահպանության գործին: Նա նաև ուսուցիչներին հորդորել է կազմակերպիչներին ներկայացնել բոլոր այն առաջարկությունները, որոնք ցանկալի է ներառվեն հետագա վերապատրաստման դասընթացների ծրագրերում:

Նշենք, որ մեկամսյա դասընթացներից հետո 18 երկրի 67 ուսուցիչ  ստացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության վկայականներ: Ծրագիրն ընթացել է վեց ուսումնական խմբերում՝ նախադպրոցական, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, կառավարման և լրացուցիչ կրթության կազմակերպման: Ուսուցիչները մասնակցել են ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների, Երևանի պետական համալսարանի, Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի և այլ ուսումնական հաստատությունների դասախոսների պարապմունքներին, ինչպես նաև գործնական ժամերին: Վերապատրաստման շրջանակում համապատասխան խմբի մանկավարժներն այցելել են Երևանի մանկապարտեզներ, ՀՀ ԿԳՆ գեղագիտական դաստիարակության և մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն, Հայորդաց տուն` սովորելով ձեռագործ, մանրանկարչություն, հայկական երգ ու պար: 

Ուսուցման ընթացքում առաջնահերթություն է դիտարկվել մեթոդիկայի ներկայացումը: Հայոց լեզվի և գրականության ուսումնական խմբում լեզվի ուսուցումն իրականացվել է տարբերակված՝ արևմտահայերեն և արևելահայերեն դասավանդողների համար: Բոլոր խմբերում ուսուցիչներն ունեցել են որոշակի քանակով մանկավարժության և հոգեբանության դասաժամեր: Առանձին ներկայացվել են էթնոհոգեբանության և հայապահպանության հիմնախնդիրներ:

Բացի դասերից, ուսուցիչները հնարավորություն են ունեցել այցելել թանգարաններ, ծանոթացել կրթության ոլորտում առաջատար հրատարակչությունների արտադրանքին, հանդիպել \"Հայոց ցեղասպանության հարցերի դասավանդում տարբեր տարիքի երեխաների համար\" մեթոդական ձեռնարկի հեղինակ և մի շարք մենագրությունների հեղինակ Ռուբինա Փիրումյանին, մասնակցել Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի ներկայացումներին: Հատուկ ուսուցիչների համար ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպվել էր \"Սայաթ-Նովա\" աշուղական համույթի համերգը: Հանգստյան օրերին ուսուցիչների համար կազմակերպվել են շրջայցեր, որոնք նույնպես պարունակել են ուսուցողական տարրեր: 
Դասընթացները եզրափակվել են սփյուռքահայ ուսուցիչների մասնակցությամբ կազմակերպված համերգային ծրագրով: