կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-27 14:33
Իրավական

«Հանցավոր խմբին» ֆինանսավորողը չի ձերբակալվել. ԱԱԾ

«Հանցավոր խմբին» ֆինանսավորողը չի ձերբակալվել. ԱԱԾ

Օրերս մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ 2015-ի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր խմբի» պատվիրատուին ֆինանսավորելու կասկածանքով բերման է ենթարկվել մի սփյուռքահայ: Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ Միքայել Համբարձումյանը հայտնեց, որ նշված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:

Նշենք, որ դեռևս ամիսներ առաջ ԱԱԾ պաշտոնյան հայտարարել էր, որ խումբը ձևավորվել է հանցավոր կոնկրետ նպատակներ իրագործելու համար և ֆինանսավորվել է տասնյակհազարավոր դոլարներով: 

Մեր մյուս հարցին ի պատասխան էլ, հայտնեցին, որ Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի վերաբերյալ քրեական գործով ներկայումս ներգրավված է 29 մեղադրյալ, որոնցից 4-ի նկատմամբ արդեն իսկ գործից մաս է անջատվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: Yerkir.am-ը պարզեց, որ անջատված մասով անցնող մեղադրյալներն են Հակոբ Հակոբյանը, Անուշավան Ավետիսյանը, Հարություն Հովհաննիսյանը և Ստեփան Չիլինգարյանը:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Հակոբ Հակոբյանը 2015թ. հուլիսին, Արթուր Վարդանյանից առաջարկություն ստանալով` համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր հայթայթել և իրեն իրացնել, չիմանալով հանդերձ, որ դրանք նախատեսում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ, նույն հարցով դիմել է ծանոթին` Գյումրի քաղաքի բնակիչ Անուշավան Ավետիսյանին, որից հետո երկուսով, նախնական համաձայնությամբ, ձեռնամուխ են եղել այդ գործընթացին: Հարություն Հովհաննիսյանն էլ, նույն առաջարկությունը ստանալով Անուշավան Ավետիսյանից, 2015թ. հուլիսին Գյումրիում նրան 900 ԱՄՆ դոլարով զենք-զինամթերք է իրացրել:

Ըստ մեղադրանքի՝ Ստեփան Չիլինգարյանն էլ, իր հերթին, Անուշավան Ավետիսյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով` համապատասխան վարձատրության դիմաց զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր հայթհայթել և իրացրել, չիմանալով, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ, Գյումրիում նրան 4700 ԱՄՆ դոլարով իր կողմից զենք-զինամթերք է իրացրել: Հիշյալ անձանց մեղադրանք է առաջադրվել` ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք պահել, իրացնելը…) հատկանիշներով: Ներկայումս գործով 4 մեղադրյալներն էլ գտնվում են կալանքի տակ: