կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-12 22:52
Հասարակություն

Հերմինե Նաղդալյանի ամուսինը հայտարարություն է տարածել

Հերմինե Նաղդալյանի ամուսինը հայտարարություն է տարածել

Հերմինե Նաղդալյանի ամուսինը` Դավիթ Բեգլարյանը անդրադարձել է այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա  իրականացնող քաղաքացիներին, որոնք պնդում են, թե «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի Գեւորգ Չաուշ 14/3 շենքի բնակիչներ են եւ տուժել են Դավիթ Բեգլարյանի ու Հերմինե Նաղդալյանի գործողություններից:

«Ես պնդում եմ, որ բողոքի ակցիայի մասնակիցները ( Արուսյակ Վանյանը, Ավետիք Գալստյանը, Արմեն Մանուչարյանը, Էլմիրա Հակոբյանը, Ծովինար Գրիգորյանը, Վարդգես Տիգրանյանը) որեւէ կապ չունեն Գեւորգ Չաուշի 14/3 շենքի բնակարանների հետ։

Դեռ մեկ շաբաթ առաջ ՀՀ կառավարության շենքի առաջ անձամբ հանդիպել եմ նույն այդ քաղաքացիներին՝ ցանկանալով հասկանալ ստեղծված իրավիճակը եւ քաղաքացիների բողոքի պատճառը: Հանդիպման ժամանակ ցույցի մասնակից քաղաքացիները, որոնց մի մասին ի դեպ ես երբեւէ չէի հանդիպել, նշեցին, որ իրենց պահանջները կապված են այլ մարդկանց հետ:

Իրականում ինձ հետ առնչություն չունենալով՝ որոշ անձիք պարզապես ուղղորդված գործողություններ են իրականացնում՝ անհարկի շրջանառելով իմ եւ իմ ընտանիքի անդամների անունները:

Ես հայտարարում եմ, որ պատրաստ եմ եւս մեկ անգամ հանդիպել այդ քաղաքացիների հետ, քննարկել իրենց պահանջները, հասկանալ նաեւ նրանց պահվածքի եւ գործողությունների իրական դրդապատճառները»,- ասված է հայտարարության մեջ:

Քաղաքացիները պնդում են, որ 2008թ.  պայմանագիր են կնքել «Նորաշեն 2007» ընկերության հետ` նորակառույց շենքում բնակարաններ գնելու համար, գումարը վճարել են, սակայն  իրենց  բնակարանները «Նորաշեն 2007» ընկերությունը գրավի տակ է դրել եւ դրանց դիմաց խոշոր պարտքեր վերցրել, ավելի ուշ սնանկ է ճանաչվել եւ իրենց բնակարանները անցել են պարտատերերին, այդ թվում՝ Հերմինե Նաղդալյանի ընտանիքին: