Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել հայ-ֆրանսիական երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգային հարցերի շուրջ` տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը:
Զեկույցով հանդես է եկել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը: Նկատի առնելով, որ Հայաստանի և բարեկամ Ֆրանսիայի միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և վերջին տարիներին այնպիսի վերընթաց են ունեցել, որ երկու պետություններն էլ դրանք բնորոշում են որպես առանձնաշնորհյալ հարաբերություններ, այսօրվա խորհրդակցությանը շեշտը դրվել է տնտեսական կապերի ներկայիս վիճակի, փոխշահավետ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունների, նոր ուղղությունների և հեռանկարների վրա:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայ-ֆրանսիական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:
«Էական է, որ վերջին տարիներին բարձրաստիճան քաղաքական երկխոսությանը նոր որակ հաղորդվեց և ակտիվացան հայ-ֆրանսիական հարաբերությունները գիտակրթական, մշակութային, առևտրատնտեսական ոլորտներում, ընդլայնվեց իրավապայմանագրային դաշտը, որը ներառում է 40-ից ավելի համաձայնագրեր: Այսօր մենք բացառապես խոսելու ենք հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների մասին և սկսենք նրանից, որ Հայաստանում գործող 140-ից ավելի ֆրանսիական կապիտալով ձեռնարկությունները շատ մեծ ավանդ են ներդնում Հայաստանի տնտեսական զարգացման գործում: Այդ ընկերություններից շատ-շատերը հայտնի են ողջ աշխարհով և իրենց ակտիվ գործունեությունն են ծավալում Հայաստանում: Չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ Ֆրանսիայի զարգացման գործակալությունն սկսեց ակտիվորեն աշխատել Հայաստանում: Ընդամենը մեկ օրինակ հիշատակենք՝ Վեդիի ջրամբարի կառուցումը: Բոլորին հայտնի է, որ դեռևս 60-70-ական թվականներից Արարատյան դաշտավայրի բնակչության մի զգալի հատվածը երազում էր այդ ջրամբարի կառուցման մասին: Այս տարվա սկզբին ստորագրված համաձայնագիրը վստահություն է ներշնչում, որ 3-4 տարիների ընթացքում մենք կկառուցենք ջրամբարը, որն իր դրական ազդեցությունը կունենա Արարատյան դաշտավայրի զարգացման և առաջին հերթին՝ գյուղատնտեսության զարգացման գործում: Կարևորում եմ այն հանգամանքը, որ Հայաստանում իր գործունեությունն է սկսել «Բիզնես ֆրանս» գործակալությունը: Պետք է նշել, որ այս գործակալությունների և ֆրանսիական կապիտալով ձեռնարկությունների գործունեությունը կարևորվում է ոչ միայն ֆինանսական, այլ նաև այն տեսակետից, որ եվրոպական բիզնես մշակույթ է ներմուծվում Հայաստան: Սա այն դրականն է, ինչի մասին մենք մշտապես խոսում ենք, ինչը, սակայն, չի նշանակում, որ մեր առևտրատնտեսական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա կամ էլ կարող են բավարարել մեզ: Երկրորդ՝ առևտրաշրջանառության ծավալները մեր երկրների միջև դեռևս գոհացուցիչ չեն: Ֆրանսիայի հետ մենք ունենք շատ մեծ ներուժ այդ հարաբերությունները զարգացնելու, և կցանկանայի տեսնել, թե ի՞նչ աշխատանք ենք կատարում, որպեսզի հասնենք մեզ բավարարող այն նվազագույնին, ինչից հետո կարող ենք խոսել շատ լուրջ զարգացումների մասին: Գիտեմ, որ նաև այս տարի է նախատեսվում անցկացնել գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներ, գործարար հարթակի վրա աշխատանք, բայց տարին մեկ անգամ կամ երկու տարին մեկ անգամ այսպիսի միջոցառումների անցկացումն ուղղակի անբավարար է: Կարծում եմ, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործունեությանը նոր շունչ պետք է հաղորդենք, այն պետք է ակտիվորեն աշխատի ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաև աշխարհով մեկ: Մեր պետական կառույցները, հիմնադրամները, սակայն, չեն կարող լիարժեք աշխատել այլ երկրներում, եթե մեր դեսպանատների ուշադրության կենտրոնում չլինեն այս հարցերը, և նրանք սերտորեն չհամագործակցեն: Մենք վաղուց ենք խոսում, որ դեսպանատներում անպայման պետք է լինի աշխատանքային պլան, պետք է լինի տնտեսական ծրագիր: Այսօր արդեն կնշանակվի արտաքին գործերի փոխնախարարը, ով պետք է համակարգի մեր արտաքին տնտեսական հարաբերությունները, միջկառավարական հանձնաժողովների աշխատանքները և ընդհանրապես, պետք է զբաղվի զուտ արտաքին տնտեսական հարաբերություններով»,-նշել է Հանրապետության Նախագահը: Սերժ Սարգսյանը հանձնարարել է Էկոնոմիկայի նախարարին ուսումնասիրել Հայաստանում գործունեություն ծավալող ֆրանսիական կապիտալով ընկերությունների խնդիրները, առաջիկա ծրագրերը և հնարավորության սահմաններում օժանդակել նրանց, շեշտելով յուրաքանչյուր ներդրողի, այդ թվում և ֆրանսիական ներդրողների հետ, հարկավոր է տանել հասցեական աշխատանք և հարկ եղած դեպքում տրամադրել անհրաժեշտ օգնություն:
Դեսպան Վիգեն Չիտեչյանը հանգամանորեն ներկայացրել է հայ-ֆրանսիական տնտեսական օրակարգի հարցերը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության կողմից այդ ոլորտում ՀՀ պետական մարմինների հետ համագործակցությամբ իրականացվող քայլերը, առկա խնդիրները և առաջիկա ծրագրերը: «Հայ-ֆրանսիական տնտեսական կապերը որոշ չափով զիջում են քաղաքական հարաբերություններին: Այսօրվա քննարկումները, որոնց նախաձեռնության համար շնորհակալություն եմ հայտնում, վստահաբար կօգնեն մեզ վերլուծել պատճառները և գտնել տնտեսական հարաբերությունները քաղաքականի մակարդակին բարձրացնելու հնարավորությունները: Մինչև 90-ական թվականների վերջը հայ-ֆրանսիական հարաբերություններում տնտեսական ուղղությունը շատ մեծ տեղ չէր զբաղեցնում: Տնտեսական կապերն աշխուժացան, գագաթնակետին հասնելով 2007-2008թթ., ինչում, անշուշտ, կարևոր խթան հանդիսացավ ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացումը, որի նախապատրաստական շրջանում, ինչպես նաև բուն ընթացքում մեր երկիրը հայտնվեց ֆրանսիական բազմաթիվ խոշոր ձեռնարկությունների ուշադրության կենտրոնում: Եվ Հայաստանում սկսեցին գործել ֆրանսիական կապիտալի մասնակցությամբ բազմաթիվ ձեռնարկություններ: Արդյունքում, արդեն 2011-2012թթ. Ֆրանսիան դարձավ Հայաստանի երկրորդ գործընկերը արտաքին ներդրումների ծավալով: Դրան նպաստեցին նաև երկկողմ մի շարք տնտեսական համաժողովները, բիզնես ֆորումները, որոնցից երկուսը միայն Հայաստանի Նախագահի մակարդակով անցկացվեց Փարիզում և Լիոնում, և մեկը Ֆրանսիայի Նախագահի մասնակցությամբ՝ Երևանում: Կհիշատակեմ նաև Ֆրանսիայի խորհրդարանի կազմակերպած տնտեսական համաժողովը՝ ՀՀ ԱԺ նախագահի մասնակցությամբ: Այս պայմաններում վերջին տարիներին աշխատանքը նպատակաուղղեցինք մի կողմից դեպի թիրախային ծրագրեր, մյուս կողմից՝ դեպի փոքր և միջին ձեռնարկությունները: Թիրախային ծրագրերի իրականացման նպատակով դեսպանությունը կապեր հաստատեց ու զարգացրեց Ֆրանսիայի կառավարությանն առընթեր գործակալությունների հետ, որոնց մեջ հատկապես առանձնանում է ֆրանսիական զարգացման գործակալությունը»,-ասել է Վիգեն Չիտեչյանը:
Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը քննարկված հարցերի, հիմնախնդիրների և ծրագրերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին և համապատասխան գերատեսչություններին: