կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-10 09:30
Քաղաքական

Բրյուսելում գողացել են Կարեն Ճշմարիտյանի պայուսակը. «Ժողովուրդ»

Բրյուսելում գողացել են Կարեն Ճշմարիտյանի պայուսակը. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Եվրոպա կատարած վերջին այցելության ժամանակ բավականին տհաճ պատմության մեջ է ընկել։ Պաշտոնական տվյալներով՝ նա անցած տարվա դեկտեմբերի 7-9 աշխատանքային այցով եղել է Լյուքսեմբուրգում, իսկ 9-ից 11 –ին եղել է Բրյուսելում։ Մեր տեղեկություններով՝ եվրոպական մի քաղաքից մյուսն ուղևորվելիս նախարար Կարեն Ճշմարիտյանին թալանել են։ Ըստ լուրերի՝ չարագործները ճանապարհին գողացել են նախարարի պայուսակը, որի մեջ են եղել նրա բոլոր փաստաթղթերը և դրամապանակը։ Իհարկե, Կարեն Ճշմարիտյանը, որպես «եվրոպաներում կռված» նախարար, տեղի ունեցածի արդյունքում ո՛չ կորել է և ո՛չ էլ փողոցում մնացել։

Ենթադրվում է, որ նրան հաջողվել է հասնել Բրյուսելում գործող ՀՀ դեսպանատուն, որտեղից նրան արդեն օգնել են ճանապարհը շարունակել և, ի վերջո, վերադառնալ Հայաստան։ Այս պատմության հետ կապված հարցերի պատասխանները մենք, թերևս, այդպես էլ չենք ստանա, քանի որ միջադեպը պաշտոնապես հերքվում է։ Մասնավորապես, հետաքրքիր է, թե ինչով է պայմանավորված եղել այն հանգամանքը, որ Ճշմարիտյանը հայտնվել Է եվրոպացի գողերի ուշադրության կենտրոնում, արդյո՞ք դրան նպաստել են նախարարի թանկարժեք գնումները կամ հագուստը։ Եվ, որ ամենահետաքրքիրն է, գողերին ինչպե՞ս է հաջողվել նախարարի իրերը «թռցնել», արդյոք զոհը տեսել է հանցագործներին, փորձե՞լ է նրանց հետապնդել, թե՞ մի պահ «աչքը թեքել» է, և իրերը թռցրել են։ Ամեն դեպքում, իսկապես աննախանձելի վիճակում է հայտնվել նա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։