կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-09 17:26
Իրավական

Ագարակում ավազակային հարձակման մեղադրանքով երկու անձ կալանավորվել է

Ագարակում ավազակային հարձակման մեղադրանքով երկու անձ կալանավորվել է

Ագարակ քաղաքում փետրվարի 4-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Կապան քաղաքի երկու բնակչի։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ փետրվարի 4-ին՝ ժամը 22:15-ին, «Մեղրիի ՏԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակիչ, 1963թ. ծնված Հարություն Բադալյանը՝ կրծքավանդակի առաջնային պատի, ձախ գոտկային շրջանի, ձախ ազդրի ծակած կտրած վերքեր, որովայնի ծակած-կտրած թափանցող վերքեր, բարակ աղու ճարպոնի, աղու միջընդերքի վնասումով, դեմքի սալջարդ վերքեր և քթոսկրի կոտրվածք ախտորոշումով:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ տղամարդու մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քննությամբ պարզվել է, որ 2016թ. փետրվարի 4-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքն ավազակության եղանակով հափշտակելու դիտավորությամբ, որպես զենք օգտագործվող սուր կտրող-ծակող առարկաներով զինված, դիմակավորված, ապօրինի մուտք են գործել Հ.Բադալյանի բնակարանին կից հագուստի վաճառասրահ։ Կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ Հ.Բադալյանին նստեցրել են աթոռին, կապկպել կպչուն ժապավենով, սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ հասցրել որովայնի շրջանին և հափշտակելով վաճառասրահում եղած հագուստեղենն ու այլ ապրանքներ՝ դիմել փախուստի:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում փետրվարի 5-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Օպերատիվ ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ավազակային հարձակում կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Կապան քաղաքի բնակիչներ։ 2 կասկածյալները հայտնաբերվել են և փետրվարի 5-ին ձերբակալվել։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2016թ. փետրվարի 7-ին Կապանի երկու բնակիչներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Նույն օրը ՀԿԳ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալների նկատմամբ  որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, ինչը բավարարվել է։ 

Նախաքննությունը շարունակվում է։