կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-15 13:26
Իրավական

Տեսախցիկներն արձանագրե՞լ են Տավուշի մարզպետի տանը կատարված գողությունը

Տեսախցիկներն արձանագրե՞լ են Տավուշի մարզպետի տանը կատարված գողությունը

Yerkir.am-ի տեղեկություններով՝ ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի տան տարածքում առկա են տեսախցիկներ, որոնք, ամենայն հավանականությամբ, գրանցել են հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը կատարված գողությունը: Նախնական տեղեկություններով՝ հանցագործները երկուսն են եղել` դիմակներով: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ իրավապահները տեսագրությունը ցույց են տվել նախորդ տարի Բաղանիսում ավազակային հարձակման ենթարկված տանտերերին, ովքեր մարզպետի տուն մտած անձանցից մեկի արտաքինը նմանեցրել են իրենց տուն մտած անձանցից մեկին: Տեսակետ կա, որ կատարվածը նույն ձեռագրով է, և երկու գողությունները կապ ունեն միմյանց հետ:

Նշենք, որ մարզպետի տունը գտնվում է ավտոճանապարհին, իսկ դրա հարևանությամբ էլ գազալցակայան է, որտեղ մշտապես մարդաշատ է: Ենթադրվում է, որ հանցագործությունը նախապես ծրագրված է եղել, քանի որ այդ պահին տանը որևէ մեկը չի եղել, այսինքն` հանցագործները նախապես տեղյակ են եղել, որ տանը մարդ չկա, և անարգել ներխուժել են տուն:

Հետաքրքրական է, որ հանցագործները մարզպետի տանից նաև երկու հեռախոս են գողացել: Եթե պարզվի, որ գողացված հեռախոսները սմարտֆոններ են, հանցագործներն իրենց ոտքով թակարդը կընկնեն, քանի որ ներկայումս հնարավոր է հատուկ տեխնոլոգիաներով որոշել նմանատիպ հեռախոսների գտնվելու վայրը:

Հիշեցնենք, որ, նախնական տվյալներով, 2016թ. հունվարի 13-ի ժամը 22:30-ից մինչև հունվարի 14-ի ժամը 03:30-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) 2-րդ հարկի բաց պատշգամբի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելու միջոցով ապօրինի մուտք են գործել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին պատկանող տուն՝ հափշտակելով զարդեր, 2 բջջային հեռախոս և կանխիկ գումար՝ պատճառելով գույքային վնաս: Դեպքի առթիվ 2016թ. հունվարի 14-ին Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։