կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-12 21:23
Իրավական

Քրեական գործ` Գորիսում կրկնաքվեարկության դեպքի առիթով

Քրեական գործ` Գորիսում կրկնաքվեարկության դեպքի առիթով

2015թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ստացվել են 2015թ. դեկտեմբերի 6-ին «azatutyun.am» կայքէջում զետեղված «Ազատության տեսախցիկը կրկնաքվեարկության փորձ է արձանագրել» վերտառությամբ հրապարակման հիման վրա ոստիկանության Գորիսի բաժնում նախապատրաստված նյութերը:
Պարզվել է, որ Գորիս քաղաքի բնակիչ Արթուր Գյուրջյանը, ընդգրկված լինելով թիվ 37/02 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում, 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19։00- 19:45-ի սահմաններում, այցելել է թիվ 37/09 ընտրատեղամաս, ստացել քվեաթերթիկ,  որից հետո մոտեցել է քվեարկության ծրարը կնքող և քվետուփի համար տվայլ պահին պատասխանատու հանձնաժողովի անդամին:

Վերջինս նրա անձնագրում նկատել է հանրաքվեին արդեն մասնակցած լինելը հավաստող դրոշմակնիքի հետքը, ինչից հետո  Ա.Գյուրջյանը լքել է ընտրատեղամասը՝ թողնելով քվեաթերթիկը և ծրարը: Նշված քվեաթերթիկը հանձնաժողովի որոշմամբ համարվել է անվավեր:

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով, կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: