կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-28 17:45
Հասարակություն

«Մայքրոսոֆթ»-ը կմասնակցի ՏՏ ոլորտի կրթական ծրագրերին

«Մայքրոսոֆթ»-ը կմասնակցի ՏՏ ոլորտի կրթական ծրագրերին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Մայքրոսոֆթ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական համակարգում բարձր տեխնոլոգիաների խթանմանը միտված ԿԳՆ ծրագրերը: Շեշտելով, որ ՏՏ ոլորտը ՀՀ կառավարության կողմից դիտարկվում է որպես գերակա ուղղություն՝ նախարարը կարևորել է կրթության և գիտության նախարարության համագործակցությունը ոլորտի առաջատար ընկերությունների հետ:

Մասնավորապես, որոշ ավագ դպրոցներում ՀՀ ԿԳՆ-ի, «Վիվասել ՄՏՍ», «Սինոփսիս Արմենիա», «Յունիքոմփ» ընկերությունների համագործակցությամբ մեկնարկել է միկրոէլեկտրոնիկայի զարգացման միջազգային ծրագիր, որի շրջանակում դպրոցներում փորձնական ներդրվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Հեռահաղորդակցության հիմունքներ» և «Միկրոէլեկտրոնիկա» առարկաների ուսուցումը:

Գալիք տարում նախատեսվում է ծրագրի ընդլայնում, բացի այդ, ՀՀ ԿԳ նախարարը ծրագիրը կներկայացնի հունվարին Լոնդոնում կայանալիք Գլոբալ կրթական ֆորումին: Մայքրոսոֆթ ընկերության ներկայացուցիչները հանդիպման ընթացքում իրենց առաջարկությունն են ներկայացրել՝ առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովելու պետական ծրագրում մասնակցություն ունենալու վերաբերյալ:

Նախարարը տեղեկացրել է, որ պետության կողմից «Մեկ աշակերտին` մեկ համակարգիչ» ծրագիրը Վայոց Ձորի մարզում արդեն մեկնարկել է: «Կրթության և գիտության նախարարությունը շահագրգիռ է, որպեսզի լինեն մի քանի առաջարկներ, և մենք հնարավորություն ունենանք մրցակցության արդյունքում կատարել ավելի լավ ընտրություն»,- նշել է Ա. Աշոտյանը:

Պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից ամբողջական առաջարկություն ներկայացնելու, ինչպես նաև փորձնական ծրագրում ընդգրկվող դպրոցների ցանկը ճշգրտելու վերաբերյալ: Այս ընթացքում ընկերությունը, համագործակցելով ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ,՝ աշխատանքներ կտանի համակարգիչների տեխնիկական պարամետրերի և կրթական բովանդակության համապատասխանեցման, ինչպես նաև հայաֆիկացման ուղղությամբ:

ՀՀ ԿԳՆ