կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-23 14:47
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի` տարվա լավագույն ֆուտբոլիստ

 Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի`  տարվա լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2015թ. քվեարկության արդյունքները: Ս.թ. դեկտեմբերի 11-ին սահմանված կարգի համաձայն` հայտարարվել էր քվեարկության սկիզբը: Քվեարկության վերջնաժամկետն էր ս.թ. դեկտեմեբերի 21-ը:

 2015-ի փակ, գաղտնի քվեարկության էր ներկայացվել 56 ֆուտբոլիստի թեկնածություն, որոնց օգտին քվեարկել է 47 մարդ:

Հայտնի է, որ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին ընտրելու համար բարձրագույն խմբի ակումբները ներկայացնում են իրենց ակումբների 5 լավագույն ֆուտբոլիստների թեկնածությունները: Ապա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացնում է Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների լավագույն ֆուտբոլիստների` իր թեկնածուներին, որից հետո ընդհանուր ցուցակը ներկայացվում է փակ, գաղտնի քվեարկության:

Քվեարկությանը մասնակցում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամները, բարձրագույն խմբի ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները, թիմերի ավագները, մեդիայի ներկայացուցիչները: Նրանցից յուրաքանչյուրը տալիս է երեք թեկնածություն՝ առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համար: Բոլոր քվեարկությունները փակ ծրարով հանձնվում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա: Քվեարկության արդյունքներն ամփոփվում են 5-3-1 սխեմայով` առաջին տեղի համար՝ 5, երկրորդ տեղի համար՝ 3, երրորդ տեղի համար՝ 1 միավոր սկզբունքով:

Հայաստանի` 2015 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այսպիսով` Մխիթարյանը վեցերորդ անգամ իր կարիերայի ընթացքում և հինգերորդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Հենրիխ Մխիթարյանի անունը 45 անգամ նշվել է առաջին և 1 անգամ երկրորդ տեղում: Հավաքելով 228 միավոր՝ Հենրիխ Մխիթարյանը հռչակվում է 2015 թվականի տարվա լավագույն ֆուտբոլիստ: 

 «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և ֆրանսիական «Դիժոն»-ի պաշտպան Գաել Անդոնյանը՝ վաստակելով 46 միավոր:  Գաել Անդոնյանի անունը 11 անգամ նշվել է երկրորդ եւ 13 անգամ՝ երրորդ տեղում:

 Հայաստանի ազգային հավաքականի և Ղազախական «Ակտոբե»-ի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, վաստակելով 44 միավոր, զբաղեցրել է երրորդ տեղը «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում: Պիզելիի անունը 13 անգամ նշվել է երկրորդ և 5 անգամ՝ երրորդ տեղում:

«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» Հենրիխ Մխիթարյանին կհանձնվի «Ոսկե գնդակ» մրցանակը, հատուկ պատվոգիր և 4 միլիոն ՀՀ դրամ դրամական պարգեւ:

Երկրորդ տեղը զբաղեցրած Գաել Անդոնյանին կհանձնվի «Արծաթե գնդակ» մրցանակը, հատուկ դիպլոմ և 2. 800 .000ՀՀ դրամ դրամական պարգև:

Երրորդ տեղը զբաղեցրած Մարկոս Պիզելիին կհանձնվի «Բրոնզե գնդակ» մրցանակը, հատուկ դիպլոմ և 2միլիոն ՀՀ դրամ դրամական պարգև:

 Հարցման արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Աղբյուր` ՀՖՖ պաշտոնական կայք