կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-16 12:05
Հասարակություն

Թշնամուն կորուստներ պատճառելու վերաբերյալ տեսանյութերը հրապարակայնացնելը սխալ է. Վովա Վարդանով

Թշնամուն կորուստներ պատճառելու վերաբերյալ տեսանյութերը հրապարակայնացնելը սխալ է. Վովա Վարդանով

Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովի կարծիքով՝ վերջին շրջանում սահմանային լարվածության սրումը մի քանի պատճառներ ունի: Դրանցից մեկը կապված է միջազգային շուկայում նավթի գնի անկման հետ: «Ադրբեջանը նավթի գնի անկման հետևանքով երկրում առաջացած ներքին լարվածությունը թուլացնելու համար սրում է արտաքին լարվածությունը՝ հանրությանը շեղելով ներքին խնդիրներից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց նա:

Ըստ Վարդանովը՝ պատճառներից մյուսն էլ ռուս-թուրքական լարվածությունն է. Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ ինքն իր սեփական խնդիրներն ունի:

Ազատամարտիկի կարծիքով՝ հանրաքվեն լարվածության հետ կապ չունի, քանի որ մեզ մոտ հետընտրական լուրջ խմորումներ տեղի չունեցան: «Օրինակ` 2008-ի ընտրություններից հետո, երբ տեղի ունեցան մարտի 1-ի իրադարձությունները, սահմանին լարվածություն սկսվեց, հակառակորդը դիրքեր գրավեց, որոնք կարճ ժամանակահատվածում մերոնք հետ վերցրին»,- ասաց նա:

Ըստ Վարդանովի` թեև թշնամին շարունակում է խոշոր զինատեսակներ կիրառել, այնուամենայնիվ, առաջիկայում լայնածավալ գործողություններ չեն լինի: Նա չբացառեց, որ այս ձմռանն էլ նախորդ տարվա հունվարի իրադարձությունները կկրկնվեն: «Հայերի մոտ ստերեոտիպ է ձևավորված, որ թուրքը ձմռանը չի սիրում կռվել, բայց ժամանակը ցույց է տալիս, որ նրանց համար միևնույն է, մենք չպետք է թերագնահատենք մեր թշնամուն, նրանց մեջ էլ կան խելացի զինվորներ՝ թալիշները»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ ՊՆ-ի կողմից համացանցում տարածված` հակառակորդին պատասխան կորուստներ տալու վերջին տեսանյութերին` ազատամարտիկը նշեց, որ դա մեր կողմից վրիպում էր, սխալ է դրանց հանրայնացումը: «Ճիշտ է, դա ներքին լսարանին համոզելու համար է, որպեսզի հավատան, որ մենք համարժեք պատասխան ենք տալիս, բայց դա թշնամուն չի հետաքրքրում, նրանք իրենց զոհերով չեն տխրում, այլ մեր տեսանյութերը մեր դեմ կարող են օգտագործել»,- ասաց նա: