կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-15 17:27
Քաղաքական

«Հանրությունը պետք է որոշի` Աբրահամյանի հայտն իմաստ ունի՞ ընդունել, թե՞ ոչ»

«Հանրությունը պետք է որոշի` Աբրահամյանի հայտն իմաստ ունի՞ ընդունել, թե՞ ոչ»

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ հայաստանյան քաղաքական դաշտում նոր կուսակցություն հիմնելու մտադրություն ունի:

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով Արա Աբրահամյանի` հայաստանյան քաղաքական դաշտ մտնելու հավակնությունների մասին, նշեց, որ հավանական համարում է նրա դերակատարությունը մեր քաղաքականությունում: «Աբրահամյանի ֆինանսական միջոցները, ասես, բոլորովին էլ  փոքրիկ չեն, մարդ է, ով ունի հնարավորություններ: Միգուցե և դերակատարում ունենա մեր քաղաքականությունում: Սրա համար օրենսդրական դաշտի ճիշտ կիրառում պետք է լինի: Ուրախ եմ, որ Հայաստանն այնպիսի երկիր է, որտեղ մարդիկ կարող են իրենց ցանկությունները կատարել: Եթե մարդիկ ուզում են կուսակցություն հիմնել, թող հիմնեն: Հիմա Հայաստանում  էլ կան դեմքեր, ովքեր ուզում են ձևավորել քաղաքական ինստիտուտներ, կուսակցություններ: Շատ լավ է, որ մարդիկ ունեն գաղափարներ»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ ուրախ կլինի` Հայաստանը լինի այնպիսի երկիր, որտեղ աշխարհի բոլոր հայերը կարող են իրենց ցանկությունները կատարել, սակայն ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակներում:

Yerkir.am-ի հարցին, թե Արա Աբրահամյանը քաղաքականապես պատրա՞ստ է մտնել հայաստանյան քաղաքական դաշտ, Պողոսյանը պատասխանեց. «Նա պետք է ներկայացնի հայտ, իսկ դրանից հետո ես ուրախ կլինեմ, որ քաղաքականապես պատրաստ լինի ոչ թե նա, այլ Հայաստանի Հանրապետության հանրությունը, որը ընտրությունների ժամանակ իր քվեով կասի` իրենք ցանականո՞ւմ են այդ հայտն ընդունել, թե՞ ոչ: Հանրությունը պետք է որոշի` Աբրահամյանի հայտն իմաստ ունի՞ ընդունել, թե՞ ոչ»:

Պատգամավորը նշեց նաև, որ ինքն անձնապես դեմ է ռուսական գաղափարախոսությանը և դրա տարածմանը Հայաստանում: «Ես մի մարդ եմ, ով դեմ է քվեարկել ԵՏՄ-ին անդամակցությանը: Ես նախընտրում եմ եվրոպական մոդելի զարգացումը: Բնականաբար, այն մարդիկ, ովքեր ջատագովն են ռուսական ուղղվածության, չեն ընդունվում իմ կողմից, չեն մտնում իմ դրական ընկալման շրջանակների մեջ: Ես չեմ քվեարկի կողմ այն քաղաքական ուժերի օգտին, ովքեր Հայաստանը տանում են դեպի ԵՏՄ»,- ասաց նա:

Խոսելով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի նմանությունների մասին`Պողոսյանը նշեց. «Այն, որ երկուսն էլ շատ հարուստ են, նմանություն  է, բայց մարդկանց այդ իմաստով նմանեցնել պետք չէ: Մարդիկ կարող են ֆինանսապես, լեզվական խնդիրներով, ֆիզիկապես նման լինել, բայց դա չէ միայն ընտրության գաղափարի խնդիրը: Պետք է ծրագրերը գնահատեն, տեսլականները իմանան, մարդկանց պետք է գնահատել ծրագրերով»: