կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-26 11:30
Հասարակություն

Ադրբեջանի կողմից իրադրության սրումը լի է անկանխատեսելի հետևանքներով. Նալբանդյանն ու Մամեդյարովը հանդիպեցին

Ադրբեջանի կողմից իրադրության սրումը լի է անկանխատեսելի հետևանքներով. Նալբանդյանն ու Մամեդյարովը հանդիպեցին

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում աշխատանքային այցելությամբ գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երկրորդ հանդիպումն է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Էդվարդ Նալբանդյանը, անընդունելի համարելով և դատապարտելով վերջին օրերին մարդկային զոհերի պատճառ դարձած` Ադրբեջանի կողմից մեծ տրամաչափի հրետանու օգտագործմամբ հրադադարի կոպտագույն խախտումները, ասաց. «Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խայտառակ իրավիճակից և այդ առթիվ միջազգային հանրության՝ օր օրի ուժգնացող քննադատությունից ուշադրությունը շեղելու նպատակով Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին իրադրության սրումը լի է անկանխատեսելի բացասական հետևանքներով։ Այս սադրանքներով Բաքուն ի ցույց է դնում իր արհամարհական վերաբերմունքը ինչպես մարդկային կյանքի, այնպես էլ իր կողմից ստանձնած պարտավորությունների նկատմամբ»։

Այնուհետև եռանախագահների առաջարկությամբ և նրանց ներկայությամբ հանդիպում է կայացել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Անդրադառնալով սեպտեմբերի 25-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությանը՝ նախարար Նալբանդյանն ասել է. «Ադրբեջանն է, որ շարունակաբար մերժում է իրավիճակի կայունացման, վստահության ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները ու, հետևաբար, պարզ է՝ ում է ուղղված հայտարարության մեջ առկա ուղերձը: Տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն միտումնավոր չի ուզում լսել, թե ինչ է միջնորդ երկրների միջոցով ասում միջազգային հանրությունը: Բոլորին ամեն ինչում մեղադրում են, ձևացնում են, թե կարգավորում են ուզում, բայց իրականում՝ հակառակն են անում»:

Նախարար Նալբանդյանը կարևորել է, որ համանախագահները վերահաստատում են այն առաջարկությունը, ինչի վերաբերյալ բազմիցս իրենց համաձայնությունն են տվել Հայաստանը և Արցախը՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը։ Այն թույլ կտա առավել հստակ կերպով մատնանշել հրադադարի խախտման և միջադեպերի պատասխանատու կողմին։ «Ադրբեջանը հրաժարվում է, քանի որ ցանկանում է ձեռքերն ազատ պահել, միջազգային հանրության վերահսկողությունից դուրս գտնվելով՝ շարունակել իր սադրանքները շփման գծում և սահմանին»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը։

«Բաքուն մերժում է ոչ միայն վստահության ամրապնդմանն ուղղված եռանախագահների նախաձեռնությունները, այլև հրաժարվում է միջնորդների կողմից արված հիմնախնդրի կարգավորմանն ուղղված առաջարկություններից, որոնք հրապարակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հինգ հայտարարություններում. նույնիսկ մերժում է դրանց մասին որևէ հիշատակում, ինչը կրկին անգամ հստակ երևաց ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովում»,- ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը։

Համանախագահները, խորը մտահոգություն հայտնելով իրադրության կտրուկ լարման կապակցությամբ, շեշտել են, որ իրավիճակի հետագա սրումն անթույլատրելի է։

Զրուցակիցները քննարկել են եռանախագահների՝ տարածաշրջան նախատեսվող այցելության և նախատեսվող հանդիպումների ժամանակացույցը։