կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-14 13:05
Իրավական

Ինչպիսի՞ն է Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների ցուցանիշը

Ինչպիսի՞ն է Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների ցուցանիշը

Կոռուպցիան տնտեսական զարգացման գլխավոր խոչընդոտներից է: Դրա բարձր մակարդակը խթանում է աղքատությունը, բյուջեի թալանը զրկում է մարդկանց որակյալ կրթություն և բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից:

ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսված է կոռուպցիոն հանցագործություններին վերաբերող 31 հոդված: Հայաստանում առավել տարածված կոռուպցիոն հանցագործություններն են՝ պաշտոնեական կեղծիք կատարելը, հարկերը, տուրքերը վճարելուց չարամտորեն խուսափելը, պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, պաշտոնեական լիազորություններն անցնելը, կաշառք տալը, կաշառք ստանալը և այլն:

Դատախազության հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն՝ 2014թ. ընթացքում հարուցվել է կոռուպցիոն հանցագործություններին վերաբերող 515 քրեական գործ, որոնցից 284-ը կարճվել են արդարացման հիմքով, իսկ 197 անձի վերաբերյալ 118 գործ ուղարկվել է դատարան: Հարուցված քրեական գործերի թիվը, 2013-ի համեմատ, 13-ով ավելի է, փոխարենը` 5-ով նվազել է դատարան ուղարկված գործերի թիվը:

Ի դեպ, 2012-ին այս հանցագործություններին վերաբերող 310 քրեական գործ է հարուցվել, որոնցից դատարան է ուղարկվել 149-ը:

2015-ի առաջին եռամսյակի ընթացքում հարուցվել է կոռուպցիոն հանցագործություններին վերաբերող 312 քրեական գործ, որոնցից 182-ը կարճվել են արդարացման հիմքով, իսկ 98 անձի վերաբերյալ 62 գործ ուղարկվել է դատարան: Այս ցուցանիշը վկայում է, որ կա\'մ երկրում ավելացել է կոռուպցիոն դեպքերի թիվը, կա\'մ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշն է մեծացել: