կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-11 13:59
Տնտեսական

Եվս մեկ վարկային համաձայնագիր է կնքվել

Եվս մեկ վարկային համաձայնագիր է կնքվել

Մայիսի 11-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային, ծրագրի և ծրագրի աջակցության համաձայնագրերը: Վարկային համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին, որի շրջանակում ՎԶԵԲ-ը ՀՀ-ին կտրամադրի 4 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ:

 

Ծրագրի աջակցության համաձայնագիրը ստորագրել են ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իսկ ծրագրի համաձայնագիրը` ՎԶԵԲ նախագահն ու «Երքաղլույս» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Գաբրիելյանը: Պիլոտային ծրագրի հիմնական նպատակը Երևանում էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանց ունենալն է:

 

Ծրագրի շրջանակում մասնավորապես նախատեսվում է մայրաքաղաքի 28 փողոցներում հենասյուների փոխարինում, մալուխների ստորգետնյա անցկացում, էներգախնայող լամպերի օգտագործում, ինչպես նաև՝ կառավարման ավտոմատացված համակարգի ներդրում: Պիլոտային ծրագրի կապիտալ ներդրումների ընդհանուր արժեքը կազմում է 6 մլն ԱՄՆ դոլար: Հաշվի առնելով ծրագրի էներգախնայող բնույթը` նախատեսվում է «Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից» ստանալ 2 մլն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհային միջոցներ:

 

Միաժամանակ, ՎԶԵԲ-ը պատրաստակամություն է հայտնել խորհրդատվական ծառայությունների համար ՎԶԵԲ-ի տեխնիկական աջակցության դրամաշնորհային ֆոնդերից հատկացնել մինչև 1 մլն ԱՄՆ դոլար միջոցներ: Վարկը տրամադրվում է մինչև 10 տարի մարման ժամկետով, որից 3 տարին՝ արտոնյալ ժամկետով:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին