Ադրբեջանական զինուժը Հայաստանի հետ սահմանի երկայնքով ինժեներական ամրացման աշխատանքներ է իրականացնում. «ՀԺ»
«Հայկական ժամանակը» գրում է. «Ադրբեջանական զինուժը այս օրերին Հայաստանի հետ սահմանի երկայնքով ինժեներական ամրացման աշխատանքներ է իրականացնում: Մի քանի օր առաջ մեր թղթակիցը արձանագրել է, որ հայ-ադրբեջանական շփման գծի Երասխ-Սադարակ հատվածում հակառակորդի բուլդոզերը հողի բարձր պատնեշներ է կառուցում անմիջապես սեփական խրամատների երկայնքով:
Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանից մեզ հասած տեղեկությունների համաձայն, նմանատիպ աշխատանքներ են ընթանում նաև Կայան-Ղազախ հատվածում, և ինչպես Երասխում, այնպես էլ այս դեպքում, հայկական կողմում լսելի է հակառակորդի ծանր տեխնիկայի շարժիչի ձայնը: Երեկ էլ Ֆեյսբուքում գրառումներ են հայտնվել այն մասին, որ ադրբեջանցիները ամրացնում են նաև Նոյեմբերյանի տարածաշրջանի հետ իրենց սահմանը»,– գրում է թերթը։