կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-14 14:15
Տնտեսական

Գյուղատնտեսության փոխնախարարի կանխատեսումները

Գյուղատնտեսության փոխնախարարի կանխատեսումները

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այսօր լրագրողներին վստահեցրեց, որ, կանխատեսումների համաձայն, Հայաստանում մթերման խնդիրներ չեն առաջանա:

 

«2015 թվականի մթերումների վերաբերյալ կանխատեսումներն արվել են նաև մասնագետների այցերի շնորհիվ: Կարող ենք հայտարարել, որ այս տարի, մթերումների առումով, խնդիրներ չենք ունենալու: Խոսքը նաև խաղողին և լոլիկին է վերաբերում: Վարչապետը հայտարեց, որ լոլիկի ցանքատարածությունները ավելացնեն, պետությունն էլ կաջակցի վերամշակողներին»,- ասաց Մակարյանը:

 

Նա նշեց նաև, որ խաղող մթերողների հետ առանձնազրույցներում էլ է պարզ դառնում, որ իրացման հետ խնդիրներ չեն առաջանա: «Մթերման սեզոնին խնդիրներ չեն առաջանա, իսկ գների մասին դեռ շուտ է խոսել»,- նշեց փոխնախարարը:

 

Հարցին, թե վաղ չե՞ն, արդյոք, կանխատեսումներն այս փուլում, քանի որ կա նախադեպ, որ անցյալ տարվա լավ կանխատեսումները չիրականացան, Մակարյանը պատասխանեց. «Կանխատեսումները սովորաբար վաղօրոք են արվում, և ներկայիս կանխատեսումների ժամանակաշրջանը ճիշտ է ընտրված: Վստահեցնում եմ՝ բերքի մթերման հետ կապված խնդիրներ չկան»:

 

Փոխնախարարը նշեց նաև, որ անցյալ տարի արտահանվել է 23 000 տոննա ծիրան, իսկ այս տարի նախատեսվում է ավելի շատ ապրանք արտահանել: Մակարյանի բնորոշմամբ՝ ՀՀ կառավարությունը ջերմոցային տնտեսությունների հիմնումը գերակա է համարում, և ՌԴ շատ մեծ ծավալի լոլիկ ու վարունգ է արտահանվելու:

 

Պահածոների և հյութ արտադրողների միության նախագահ, «Արարատ» սննդի կոմբինատի գլխավոր տնօրեն Երվանդ Թարվերդյանը նշեց, որ խնդիրն ավելի շատ վերաբերում է արտադրությանը, քան մթերմանը:

 

«Մենք արտադրության խնդիր ունենք, ոչ թե մթերման: Անցած տարի կառավարություն ենք ներկայացրել մեր պահանջարկը` լոլիկի հետ կապված: Ոլորտում գործում են քառասունից ավելի ձեռնակություններ, որոնք նաև վերամշակում են իրականացնում, որը արտահանվում է կամ իրացվում հայկական շուկայում: Ամեն տարի ավելանում են փոքր և մանր ձեռնարկությունները: Այս տարի բոլոր ձեռնարկություններն էլ, անկախ ռուբլու տատանումներից, իրենց ապրանքը կարտահանեն առանց խնդրի: Կրկնում եմ, որ բերքի քանակի հետ են կապված խնդիրները, ոչ թե մթերման»,- ասաց Թարվերդյանը՝ հավելելով. «Քարից փափուկ ինչ էլ լինի` մթերելու ենք»: