Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում լրագրողները հարցեր են ուղղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին Ադրբեջանի կողմից սպառազինությունների ծավալների մեծացման ու Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին:
Սեյրան Օհանյանը նշեց. «Այն, ինչ կատարվում է մեր հարևանների մոտ, անկասկած, գտնվում է մեր վերահսկողության ներքո: Չգիտեմ՝ որքանով է Ադրբեջանը ավելացրել իր կարողությունները սպառազինության և ռամական տեխնիկայի քանակական առավելությունների մասով, այդ սպառազինությունները նա դեռ պետք է կարողանա կիրառել: Անկասկած, քանակական տվյալները մեզ մտահոգում են, բայց մենք տեղեկություններ ունենք, որ այդ սպառազինությունը կարգի բերելու համար որոշակի ժամանակ է պահանջվում, որպեսզի անձնակազմի կողմից յուրացվի: Բազմաթիվ անգամ ենք ասել, որ յուրաքանչյուր երկրի կողմից մեր հարևաններին վաճառվող սպառազինությունը մեզ մտահոգում է, բայց Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հենց այնպես տեղում չի նստում, այլ իր մտահոգությունները արտահայտում է ու ասում»:
Այն հարցին, թե արդյո՞ք ԵՏՄ-ն ավելի կամ պակաս անվտանգ դարձրեց Հայաստանի սահմանները, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ադրբեջանը, լարվածություն առաջացնելով շփման գծում, մի քանի խնդիր է լուծում՝ քաղաքական, տնտեսական, նաև` կապված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների հետ: Միանգամից ասել, որ, ԵՏՄ մտնելով, կլուծվեն մեր անվտանգության հարցերը, դա չի կարելի, բայց, մյուս կողմից, չանդամակցելն ու համապատասխան համագործակցություն չունենալը մեր ռազմավարական դաշնակցի հետ, որը նաև մեր անվտանգության երաշխավորներից մեկն է՝ հատկապես Թուրքիայի մասով, դա նշանակում է չմտածել ապագայի մասին»: