կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-11 12:04
Հասարակություն

Գյումրու միջադեպի մասնակիցներից մեկը մահացել է

Գյումրու միջադեպի մասնակիցներից մեկը մահացել է

Գիշերը` ժամը 3-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է մարտի 7-ին Գյումրիում տեղի ունեցած միջադեպի արդյունքում վիրավորված Կնյազ Ղազարյանը: Այս մասին yerkir.am-ին հայտնեց «Էրեբունի» ԲԿ-ի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը:

 

Նա նաև հայտնեց,  որ կրակոցների արդյունքում վիրավորված նրա եղբայրը` Գագիկ Ղազարյանը, վիրահատվել է և այժմ գտնվում է հիվանդասենյակում, իսկ միջադեպի մասնակիցներից Գագիկ Ղուկասյանին այսօր, հավանաբար, վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխեն հիվանդասենյակ:

 

Նշենք, որ միջադեպի մասնակիցներից երեքն էլ գտնվում են Գյումրու հիվանդանոցում:

 

Հիշեցնենք, որ մարտի 7-ին` ժամը 23:30-ից մինչև մարտի 8-ի` ժամը 00:40-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի բժշկական կենտրոնից ահազանգեր են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 165 տան դիմացից տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 անձ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5,45 մմ և 9 մմ տրամաչափի պարկուճներ, որսորդական ողորկափող հրացանի պարկուճներ, փայտե մահակներ, կայանված վնասված մեքենաներ: Նախապատրաստված նյութերով Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ` երկու եւ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձի, զինված խուլիգանության, ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: