Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի է, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանություն: Պարզվում է, որ դեպքի օրը քրեական գործ է հարուցվել նաև մեկ այլ հոդվածի` ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը` նշելով, որ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործը հարուցվել է դեպքից ժամեր անց:
Մեզ հետ զրույցում Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը հայտնեց, որ նախաքննության ընթացքում ինքը ծանոթացել է փորձաքննություն նշանակելու վերաբերյալ որոշումներին, ինչպես նաև քրեական գործ հարուցելու որոշմանը և կարող է փաստել, որ քրեական գործ կա հարուցված նաև ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նա նշեց, որ գործնականում, երբ զենքի գործադրմամբ հանցագործություն է տեղի ունենում և հրազեն հայտնաբերվում, եթե տվյալ պահին միանշանակ փաստարկներ չկան` հրազանն օրինական է, թե` ոչ, քրեական գործ է հարուցվում նաև ՔՕ 235-րդ հոդվածի հատկանիշներով:
Տարօրինակ է, սակայն այս մասին մինչ օրս որևէ պաշտոնական աղբյուրում նշված չէ: Գուցե պատճառն այն է, որ այս հոդվածն ավելի շուտ ձևական բնույթ է կրում, վարույթն իրականացնող մարմինն այն հրապարակելու անհրաժեշտություն չի տեսել, կամ էլ պարզապես քննչական մարմնի բացթողումն է:
Այս գործով շահագրգռված` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ քննչական կոմիտեն այս հոդվածը գործի նյութերում «խցկել է» դատախազությանն ուղղված իր դիմումից հետո: Փոստանջյանը, իր դիմում վկայակոչելով հիշյալ հոդվածը, ուշադրություն էր հրավիրել Պերմյակովի` ապօրինաբար հրազեն փոխադրելու հանգամանքի վրա:
Հիշեցնենք, որ դեռևս 2015 թվականի հունվարի 29-ին պատգամավորը դեպքի մի քանի հանգամանքների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին: Ըստ նրա` դատախազը, ստանալով հանցագործության մասին հաղորդումը, պարտավոր էր 10-օրյա ժամկետում կայացնել համապատասխան որոշում եւ տեղեկացնել իրեն, սակայն մինչ օրս ոչ մի տեղեկություն չի ստացվել, և հանցագործության մասին հաղորդումը մնացել է անպատասխան: Պատգամավորն այս կապակցությամբ դիմել էր դատարան` պահանջելով վերացնել ՀՀ գլխավոր դատախազի` Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործում թույլ տված անգործությունը:
Պատգամավորը, հղում կատարելով Գյումրիում կատարված դեպքի վերաբերյալ պաշտոնատար անձանց, մասնավորապես` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հայտարարություններին, ինչպես նաև ԶԼՄ-ների հրապարակումներին, ուշադրության էր հրավիրել մի քանի հանգամանքների վրա:
Պատգամավորը պահանջել էր անհապաղ քրեական գործ հարուցել Վալերի Պերմյակովին ապօրինի ձերբակալելու, տեղափոխելու և Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայում պահելու վերաբերյալ` ՀՀ քրեական օրենսգրքի արդարադատության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություններ նախատեսող համապատասխան հոդվածներով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների, Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ներկայացուցիչների և 102-րդ ռազմաբազայի ղեկավարության թույլ տրված ապօրինությունների փաստի առթիվ, նաեւ` ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ Վալերի Պերմյակովի կողմից կատարված` պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ: Փոստանջյանը նաև պահանջել էր քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ ապօրինի կերպով զենք փոխադրելու փաստի առթիվ:
Պատգամավորն իր բողոքը` հիմնավորումներով ու փաստերով, ներկայացրեց այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ընթացող նիստի ժամանակ: ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ ավագ դատախազ Գևորգ Գևորգյանը հայտարարեց, որ Փոստանջյանի բողոքն անհիմն է և ենթակա է մերժման: Նա նշեց, որ Փոստանջյանի դիմումը ստանալու օրը այն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին, այսինքն` ՀՀ քննչական կոմիտեին` նշված հարցերը ստուգելու և դրանց շուրջ պարզաբանումներ տալու նպատակով: Դատախազը հայտարարեց, որ սպանության դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է նաև ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի հատկանիշներով, իսկ ինչ վերաբերվում է ՔՕ 329-րդ հոդվածով նախատեսված արարքին, ապա այն դեռևս գտնվում է ապացույցների հավաքման փուլում:
Այս գործով հաջորդ դատական նիստը կկայանա վաղը նույն դատարանում:
Ի դեպ, Yerkir.am-ի տեղեկություններով` արդեն իսկ ստացվել են ռուսական կողմի անցկացրած ամբուլատոր դատահոգեբանական փորձաքննության արդյունքները, ըստ որոնց` Պերմյակովը ճանաչվել է մեղսունակ: Նշենք, որ այս գործով Հայաստանի վարույթն իրականացնող մարմինը մինչ այժմ Պերմյակովի նկատմամբ նման փորձաքննություն չի նշանակել:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ