կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-02 14:02
Իրավական

Զինծառայողի ինքնասպանության գործով 3 անձ ձերբակալվել է

Զինծառայողի ինքնասպանության գործով 3 անձ ձերբակալվել է

Ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Սաֆարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 3 անձ։ Մասնավորապես ձերբակալվել են՝ վաշտի ավագ, ենթասպա Արայիկ Սուքիասյանը, ժամկետային զինծառայողներ՝ շարքային Գեւորգ Ղազարյանը եւ կրտսեր սերժանտ Միհրան Հովակիմյանը։

 

Ժամկետային զինծառայողները կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-րդ մասով և 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ (մի խումբ անձանց կողմից զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով), իսկ վաշտի ավագը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը)։

 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 27.02.2015թ.՝ ժամը 20:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Էմիլի Սաֆարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգով մահացու հրազենային վնասվածք է հասցրել ինքն իրեն՝ ստորին ծնոտի շրջանում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):

 

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։