Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության դեպքի առթիվ խորհրդարանական լսումների ժամանակ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ հարցերին պատասխանելու հրավիրված գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն իր ուսերին է վերցնում ԱԳՆ-ի և ԱԱԾ-ի բեռը:
«Ես ինքս էլ իրավաբան չեմ, սակայն ինքս էլ բանակցել և ստորագրել եմ 20-ից ավելի հայ-ռուսական պայմանագրեր, այդ թվում` նաև 1997 թվին կնքվածը: Եվ այս դեպքերում աներկբա երկու կողմն էլ պատկերացրել է` ինչպես կլինի: Ես Ձեզ կոնկրետ հարց չունեմ, Դուք մի բեռ եք ստանձնել, որը Ձերը չէ, մենք ուզում էինք քննարկում անել ԱԱԾ պետի և արտգործնախարարի հետ: Եթե պայմանագրի վերաբերյալ տարաձայնություն, տարամեկնաբանություն կա, ապա ստեղծվում է հանձնաժողով, և դիվանագիտական խողովակով լուծվում է խնդիրը»,- ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում երբեք դեպք չի եղել, որ սահմանախախտին հանձնեն այլ երկրի դեսպանատուն կամ իրավազորության տակ գտնվող այլ մարմնի: Եվ այս դեպքում կատարվել է միջպետական պայմանագրի խախտում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում, կա նաև ոստիկանության անգործությանը հանգամանքը, և այս բոլոր դեպքերում քրեական գործեր հարուցելու հիմքեր կան:
Խոսքի վերջում Արզումանյանը շեշտեց, որ Կոստանյանը չէ պատասխանատու խնդրի ընդհանուր լուծման համար, այսինքն`պահանջել, որ Պերմյակովին տան հայկական կողմին: «Շատ լավ է, որ եկել եք, բայց մի' վերցրեք մի բան, որը ձերը չէ: Իսկ նրանք կորած են, չկան, այդ իրենք պիտի գան պատասխան տան»,- ասաց նա:
Ի պատասխան այս հայտարարության, Գ. Կոստանյանը պատասխանեց, որ տվյալ իրավիճակում լիազորությունների տարբերակման հարցը դնել չի ցանկանում, քանի որ յուրաքանչյուրն իր լիազորությունները կատարում է, և որ «սա բոլորիս հարցն է»:
Ինչ վերաբերում է հարցի քաղաքականացմանը և դիվանագիտական խողովակով լուծելուն, ապա Կոստանյանը նշեց, որ ներկա պահին այն դեռևս իրավական է և միայն իրավական լուծում է պահանջում, թեև չի բացառվում, որ հետագայում այն արդեն քաղաքական դառնա: Եվ միայն այդ դեպքում արդեն խնդիր կլինի` հարցը քաղաքականացնելու:
Ինչ վերաբերում է սահմանախախտին ռազմաբազային հանձնելուն և ոստիկանության գործունեությանը, ՀՀ գլխավոր դատախազը հայտնեց, որ բոլոր ուղղություններով քննություն կատարվելու է, և բոլոր հարցերին պատասխան է տրվելու: