կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-27 13:27
Իրավական

Մահացած երեխայի արյան անալիզն առաջին օրը լաբորատորիա չի ուղարկվել

Մահացած երեխայի արյան անալիզն առաջին օրը լաբորատորիա չի ուղարկվել

Երկամյա Լիա Միսակյանի մահվան առիվ հարուցված քրեական գործով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հարցաքննվեցին մեղադրական կողմի միջնորդությամբ դատարան կանչված երկու վկաները` լաբորատորիայի աշխատակիցն ու սանիտարը:

 

Լաբորանտ Նաիրա Քոչարյանը հայտնեց, որ հերթապահել է 2012 թվականի դեկտեմբերի 31-ին` առավոտյան ժամը 9-ից, և հերթափոխը հանձնել է հաջորդ օրվա առավոտյան: Դեկտեմբերի 31-ին էլ հենց հիվանդանոց է ընդունվել Լիա Միսակյանը: Լաբորանտի խոսքով` ինքն այդ օրը Լիա Միսակյանի արյան անալիզը չի արել, եւ իր հերթապահության ընթացքում էլ շտապ ցուցումով չի ստացել արյուն` անալիզ անելու համար: Եթե բերված լիներ, ապա ինքը արյան անալիզի նախնական տվյալները 5 րոպե անց կարող էր տրամադրել բժշկին:

 

Քոչարյանը պարզաբանեց նաև, որ լաբորատորիան աշխատում է 24 ժամ շարունակ, և եթե անալիզների նախնական արդյունքները նորմայից շեղումներ են ունենում, անմիջապես կապվում են բժշկի հետ: Նրա հերթապահության օրը անհանգստացնող արդյունք եղել է միայն մեկ այլ հիվանդի դեպքում:

 

Վկան հայտնեց նաև, որ այդ օրը գործով ամբաստանյալ, այդ օրը հերթապահող բժիշկ Լիլիթ Վարդանյանը մի քանի անգամ մտել է լաբորատորիա, հետաքրքրվել, թե արդյո՞ք վատ արդյունքներով անալիզներ կան:

 

Նիստը նախագահող դատավոր Լևոն Ավետիսյանի այն հարցին էլ, թե արդյո՞ք բժիշկը հենց Լիա Միսակյանի անալիզների արդյունքների մասին հարցրել է, պատասխանեց` ոչ: Նա հավելեց նաև, որ պրակտիկայում կոնկրետ հիվանդի անունով անալիզների արդյունքներ են հարցնում այն դեպքում, եթե կա շտապ, անհանգստացնող վիճակ:

 

Դատարան կանչված սանիտար կինն էլ հակասական ցուցմունքներ էր տալիս: Նա մեկ ասած, թե շատ ծանրաբեռնված օր էր, իսկ հետո էլ ասաց, թե «պարապ վախտ» բուժքրոջ հետ նստել են: Ասաց, թե դեկտեմբերի 31-ի երեկոյան երեխայի արյան անալիզը տարել է լաբորատորիա, նաև արյան անալիզ է տարել հաջորդ օրը` առավոտյան, այնուհետև էլ` թե չի հիշում հաստատ երեկոյան անալիզ տարե՞լ է, թե՞ ոչ, երևի «շշկռվել է»:

 

Այս վկան հայտնեց նաև, թե երեխային ու նրա ծնողներին ինքն է ընդունել ու պալատում տեղավորել, եւ որ երեխան «առողջ ու առույգ էր», իսկ գիշերը, բուժքրոջ ձեռքը բռնած, քայլել է միջանցքում: Հարցին, թե արդյո՞ք հետաքրքրվել է` ինչո՞ւ երեխան այդ ժամին քնած չէ, պատասխանեց, թե դա իր գործը չէ:

 

Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 19-ին: